Ախալքալաքի կենտրոնական գրադարանը համալրվեց 44 կտոր նոր վրացերեն գեղարվեստական ու մասնագիտական գրականությամբ, սակայն նոր գրքերի կարիքը դեռ մեծ է:

Վրաստանի նախագահի ֆոնդից Ախալքալաքի քաղաքային գրադարանային ֆոնդը հարստացավ նոր գրականությամբ՝ բառարաններ, մանկական, պատմական, ժամանակակից ու մասնագիտական, գեղարվեստական և այլն:

«Մեզ շատ գրքեր են պետք, բայց շատ թանկ է: Վաուչերն ընդամենը 500 լարի արժեր, դրա սահմաններում պետք է տեղավորվեինք: Ընտրությունը կատարվում է ընթերցողների պահանջի հիման վրա: Ընթերցողը դիմում է մեզ ինչ գիրք է ուզում, մենք ցուցակագրում ենք ամեն ինչ, որ հետագայում իմանանք ինչ վիճակ է: Բայց մեզ հայերեն գրքեր են պետք»,- ասաց Ախալքալաքի գրադարանային միավորման տնօրեն Թեկլե Վախտանգիշվիլին:

Գրադարանի աշխատակիցները արդեն չեն հիշում, թե վերջին անգամ ե՞րբ են Հայաստանից հայերեն լեզվով գրականություն ստացել: Գրադարանն ընթերցողներ է կորցնում, քանի որ չի համապատասխանում ընթերցողի պահանջին: Ըստ գրադարանի աշխատակիցների խոսքերին, պահանջարկ կա վրաց գրողների ստեղծագործությունների հայերեն թարգմանությունների:

«Նախկինում Հայաստանից ստանում էինք, շատ լավ էր, գրադարանները, պետությունները համագործակցում էին այս ուղղությամբ: Հիմա սահմանից մի գիրք տեղափոխելու իրավունք չկա, մեր հիմնական ընթերցողները ուսանողներ են Հայաստանում, գնում են հետները տանում են, խնդիր է առաջանում, թե ուր եք տանում գրքերը, ուսանողները այնտեղից են բերում նորից խնդիր է»,- նշեց Գրադարանային միավորման տնօրեն Թեկլե Վախտանգիշվիլին:

Ախալքալաքի միակ և գլխավոր գրադարանը գտնվում է Մշակույթի տան շենքում: Այն զբաղեցնում է 4 սպասարկման սենյակ և մեկ գրապահոց: Գրադարանը գտնվում է մեղմ ասած անմխիթար վիճակում: Տարիներ շարունակ ոչինչ չի արվում գրադարանի բարելավման ուղղությամբ:

«Սա գլխավոր գրադարանն է, տեսեք ինչ վիճակ է, տարիներով բան չի փոխվում: Չի կարելի այսպես, ամբողջ շրջանի մանուկների երիտասարնդների ապագան անուշադրության մատնել»,- ասաց գրադարանային միավորման տնօրենը:

Աղունիկ Այվազյան