Ջավախքի դպրոցներում Հոգաբարձուների Խորհրդի ընտրություններն ընթացան հանգիստ պայմաններում:

Այսօր առավոտյան, ժամը 10-ից մինչև 16:00-ն բոլոր դպրոցներում ուսուցիչներն ու ծնողները Հոգաբարձուների խորհրդի կազմ էին ընտրում:

Ախալքալաքի Հովհ. Թումանյանի անվան դպրոցում Հոգաբարձուների խորհրդի ընտրություններն անցան խաղաղ մթնոլորտում: Առավոտյան ժամերին ծնողներն ավելի ակտիվ էին մասնակցում քվեարկությանը:

«Ընտրություններն անցնում են նորմալ պայմաններում: Խորհրդի անդամները չեն վարձատրվում, դրա համար էլ մարդիկ հետաքրքրված չեն այս ընտրություններով: Բայց Խորհուրդը լայն լիազորություններ ունի»,- ասաց թիվ 1 դպրոցի տնօրեն Ռուզաննա Տեփոյանը:

Թիվ 1 դպրոցում 10 թեկնածու էր պայքարում 6 տեղի համար:

Քանի-որ Հոգաբարձուների Խորհրդի գործնեությունը հասարակական հիմքերի վրա է և անդամները չեն վարձատրվում, այդ իսկ պատճառով էլ թե ծնողները, թե մանկավարժները անտարբեր են ընտրություններին: Մեր շրջանի դպրոցներում Հոգաբարձուների խորհրդները հիմնականում կրում են ֆորմալ բնույթ:

«Խորհրդի ծավալած աշխատանքը բավականին մեծ է: Իրականում Խորհուրդը կարող է դպրոցի տնօրեն ընտրել, սակայն մեր դպրոցներում դա չի գործում: Հոգաբարձուների Խորհուրդը շատ դեպքերում տնօրենի կարգադրությամբ է գործում: Ես Խորհրդի անդամ եմ եղել, սակայն հիմա չեմ առաջադրել իմ թեկնածությունը, որովհետև իսկական գլխացավանք է»,- ասաց ուսուցիչներից մեկը, չցանկանալով նշել անուն ազգանունը:

Կարինեն երկու աշակերտի ծնող է: Մեզ հետ զրույցում ասաց. «Ընտրությունից եմ գալիս: Նույնիսկ թեկնածուներին չէի ճանաչում, ասացին երկու թեկնածու կա, ես էլ պատահականության սկզբունքով մեկին ընտրեցի», – ասաց նա:

Նշենք, որ Հոգաբարձուների Խորհրդի կազմում մինիմում երեք ծնող և երեք ուսուցիչ պետք է լինեն, ովքեր պետք է ընտրվեն 1-6-րդ, 7-9-րդ և 10-12 դասարաններից աշակերտների ծնողներից և ուսուցիչներց: Նախօրոք դպրոցներում ծնողական ժողովներ են անցկացվում, որտեղ մանրամասն ներկայացվում է Հոգաբարձուների Խորհրդի գործնեության և ընտրությունների կարգի մասին: Այնուհետև աշակերտների ծնողներն ու ուսուցիչները իրենց թեկնածությունն են ինքնաառաջադրում:

Աղունիկ Այվազյան