Չնայած, որ Վրաստանի համար զբոսաշրջության զարգացումը առաջնահերթային է, սակայն Ախալքալաքում այդ ոլորտը զարգացնելու համար աշխատանք դեռ չի տարվում:

Ընթացիկ տարվա հինգ ամիսների ընթացքում Վրաստանում արտասահմանից զբոսաշրջիկների քանակն աճել է 14.9%-ով, իսկ այն զբոսաշրջիկերի քանակը, ովքեր Վրաստանում 24 ժամից ավել են անցկացրել, ավելացել է 24.3%-ով: 2015 թ. զբոսաշրջության եկամուտը համեմատած 2014 թ. եկամտին աճել է 6.8%-ով։

Ախալքալաքում հատկապես վերջերս հաճախ ենք հանդիպում արտասահմանցի զբոսաշրջիկների, ովքեր հայտնվում են փոքր քաղաքում և հետաքրքրվում տեղի առանձնահատկություններով ու տեսարժան վայրերով։

Հաճախ տեղի բնակիչների համար սովորական վայրերը տուրիստների համար հետաքրքիր ու գրավիչ են։ Ախալքալաքում պոտենցիալ հնարավորություններ կան էքստրեմալ և էկոտուրիզմի զարգացման համար, որոնք հատկապես վերջին ժամանակաշրջաններում բավականին պահանջարկ ունեն՝ առավել ևս ակտիվ հանգիստ նախընտրողների շրջանակներում: Մասնավորապես այստեղ կարելի է զարգացնել էքստրեմալ տուրիզմի ջրային, ցամաքային և լեռնային տեսակները:

Զբոսաշրջության կարևոր բաղադրիչներից է հյուրընկալող տարածքում ազատ տեղաշարժման հնարավորությունը, որը իրականացվում է տուրիստական պլանի համաձայն։ Եթե զբոսաշրջիկը հայտնվում է անհայտ տարածաշրջանում, ապա գոնե տվյալ տեղանքի վերաբերյալ փոքր տեղեկատվական թերթիկ կամ ինչ-որ տարածքային քարտեզ պետք է հատկացվի, որպեսզի կարողանա կողմնորոշվել: Կամ գոնե լինեն տեղանքների մասին ցուցանակներ:

Թե ինչպե՞ս են բնակիչները վերաբերվում Ախալքալաքում զբոսաշրջության զարգացմանը և ի՞նչ խնդիրներ են տեսնում դրա հետ կապված, պարզեցինք անցկացնելով փոքր հարցում Ախալքալաքի բնակիչների շրջանում.

«Մեզ մոտ հատկապես կարելի է զարգացնել ձմեռային տուրիզմը, իսկ հիմնական խնդիրը, ինչպես ամեն բնագավառում այստեղ էլ ֆինանսի բացակայությունն է», – ասաց Նարինե Եսոյանը:

«Ախալքալաքում տուրի՞զմ, չեմ պատկերացնում», – կարճ մեկնաբանեց երիտասարդը, ով չցանկացավ ներկայանալ:

«Զբոսաշրջիկները մեր տեղը չգիտեն», – կես լուրճ, կես կատակ ասաց Անդրանիկ Գաբրիելյանը:

«Մենք Վրաստանի զբոսաշրջության վարչությանը ներկայացրել ենք, թե մեզ մոտ ինչ հյուրանոցներ ունենք, ինչ ռեստորաններ ունենք և տվյալ հյուրանոցը կամ ճաշարանը, որքան մարդ կարող է հյուրընկալել: Բայց հատուկ տուրիստական տրանսպորտները գալիս են մինչև Վարձիա, այսինքն այդ ցանկում դեռևս Ախալքալաք հասնող մեքենաներ չկան, ինչի հիմնական պատճառը ճանապարհների վատ վիճակն է: Տուրիստական երկհարկանի ավտոբուսները չեն կարող անցնել այնպիսի ճանապարհով, ինչպիսիք են մեր շրջանի ճանապարհները: Սակայն հաշվի առնելով գոյություն ունեցող խնդիրները, այնուամենայնիվ տեղանքում տուրիզմի զարգացման համար կատարվող քայլեր ևս կլինեն, բայց դեռ հստակ ծրագրեր չունենք»,- բացատրեց Ախալքալաքի վարչության մշակույթի, սպորտի և տուրիզմի բաժնի պետ Վալերի Ստելմաշովը:

Ընդհանուր տուրիստական ուղիներում Ախալքալաքը չի ներառված, տուրիստական զարգացման համակարգը դեռ չի մշակված, տեղի համապատասխան սպասարկում ներկայացնող անհատները չեն աշխատում այդ ուղղությամբ, մնում է հույս դնել զբոսաշրջիկների համառ հետաքրքրասիրության վրա:

Ջուլիետա Տոնականյան