Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղի բնակիչները բողոքի ցույց արեցին շրջանի վարչության շենքի դիմաց, որպեսզի տեղական իշխանությունների ուշադրությունը սևեռեն թուրքերի անօրինական գործողությունների վրա: Ըստ աբուլցիների թուրքերը անօրինական կերպով իրենց հողատարածք են ներխուժում և փչացնում այն:

Բողոքի ակցիայի մասնակիցներից Մուրազ Նազարեթյանի կարծիքով, թուրքերը անօրինական կերպով են Աբուլի խոտհարքերը վարձակալել: Եվ իրականության մեջ ոչ մի պայմանագիր էլ գոյություն չունի: Բանն այն է, որ 2008 թվականին Ախալքալաքի վարչությունը Աբուլի մարգագետինները վարձակալությամբ է տվել թուրքերին (խմբ. նշենք, որ պարզ չէ հստակ ում են տվել վարձակալությամբ՝ թուրքերին, թուշերին, թե Մառնեուլի ադրբեջանցիներին): Աբուլ գյուղի բնակիչների խոսքերով թուրքերը իրենց վարձակալած տարածքներից բացի վնաս են հասցնում նաև գյուղացիների սեփական հողատարածքներին:

«Մեր բողոքն այն է, որ մեր տարածքներում այսօր թուրքերն են ոչխար արածեցնում: Իրենց պատճառով խոտ չենք կարող քաղել և տարեկան անասունների համար 500-600 լարիի խոտ ենք գնում: Մեր գյուղի տարածքը իրենք են օգտագործում, ես չգիտեմ մեր հողերը կոնկրետ ով է թուրքերին տվել, բայց տվողներն ասում են, որ իրենք թուղթ չունեն, մտածում եմ, որ անօրինական են տվել: Ապրել ենք ուզում, բայց թուրքերը չեն թողնում: Այսօր իշխանությունն ասում է, որ իրենք էլ մեզ նման քաղաքացի են, բայց սա չի նշանակում մեզ վնաս տալով իրենք լավ, ճոխ պետք է ապրեն: Հոգնել ենք, 10 տարի է նույն պատմությունն է, մեր խոտը չենք կարողանում հնձել»,- պատմեց Մուրազ Նազարեթյանը:

Աբուլ գյուղի մեկ այլ բնակչի խոսքով թուրքերը տարեկան 100 000 լարիի վնաս են հասցնում գյուղացիներին:

«Մենք եկել ենք ասելու, որ թուրքերին վտարեն այս տարածքներից, տարեկան մինիմումը 100 000 լարի վնաս են տալիս գյուղացիներին: Ամեն տարի գալիս բողոքում ենք, գրագետ ձևով երեսներիս թոզ են փչում, ճանապարհ դնում, ինչքան կարելի՞ է այսպես: Ըստ փաստաթղթի իրենց ունեցած վարձակալած հողերը 200 հա է, բայց տված վնասը մինչև 500 հա է: Մտնում են Աբուլ գյուղի բնակիչների սեփական տարածքները, ոչխարներն են արածեցնում, ջրում են, ամբողջ խոտը փչացնում են և չենք կարողանում խոտը հնձել», – ասաց Աբուլ գյուղի բնակիչ Բարդուղեմիոս Շաշիկյանը:

Ախալքալաքի տեղական իշխանության ներկայացուցիչները պատրաստվում են մինչև շաբաթվա վերջ այցելել Աբուլ գյուղ և տեղում ծանոթանալ ստեղծված իրավիճակին:

«Այստեղ խնդիրը մեկն է, վարձակալած հողերից ոչխարները դուրս են գալիս գյուղացիների տարածք են մտնում հատուկ ջրի համար, և ճանապարհին կենդանիները փչացնում են հողերը, և իրականում էլ փչացնում են: Աբուլցիները ինչ-որ ասում են բացարձակ ճիշտ է, բայց այստեղ մի խնդիր էլ կա, աբուլցիները այդ հողերի համար էլ չեն ուզում վճարել, դա պետական հող է: Մեր Շրջանային վարչությունն է տվել վարձակալությամբ այդ հողերը, այդ ժամանակ ինչպես ես եմ հասկացել 1000 լարի են տվել 250 հա-ի համար: Անկեղծ ասած մանրամասն չգիտեմ, համարյա 10 տարվա պատմություն է: Հավանաբար հինգշաբթի օրը կգնանք գյուղ», – պարզաբանեց Ախալքալաքի վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը:

Ցուցարարները հստակ չկարողացան նշել թե վարձակալությամբ ինչքան հողատարածք են տվել թուրքերին, նշվում է մոտ 40-ից մինչև 250 հա: Գյուղացիները վախեցած են թուրքերից և չեն ուզում նրանց հետ գործ ունենալ: Մարդիկ խուսափում են նույնիսկ խմբերով բարձրանալ արոտավայր, քանի որ թուրքերի որսորդական շները ամենուր են:

«14 տարի է մեր հողերը իրենք են օգտագործում, ստիպված խոտ ենք գնում: Մեր գյուղը հիմնված է անասնապահության վրա, բայց անասունների համար տարածքները բռնել թուրքերին են տվել: Դարբինյան Սեռոժը իր 350 ոչխարները թուրքերի ոչխարներին է խառնել, առանց փողի ոչխար է պահում, դրա համար էլ ձայն չեն հանում: Գյուղացուն զոռով ստիպում են թողնել ու հեռանալ»,- ասաց ցուցարարներից մեկը, ով չցանկացավ նշել ազգանունը:

Նշենք, որ արոտավայրերի հետ կապված խնդիրներ ունեն Ախալքալաքի գրեթե 10 գյուղի բնակիչներ՝ Աբուլ, Օլավերդ, Թախչա, Մերենիա, Կարծախ և այլն:

Աղունիկ Այվազյան