Քաղաքացիական հասարակության զարգացման համար Ախալքալաքում անցկացվել է «Քաղաքացիական հասարակության հնարավոր զարգացումը էթնիկ փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջաններում» նախագծի վերաբերյալ ներկայացում և հանդիպում:

Մայիսի 19-ին, Ախալքալաքի Շրջանային վարչության խորհրդակցական սենյակում Լևան Միքելաձեի հիմնադրամը կազմակերպել էր ճանաչողական հանդիպում, որին մասնակցել են պետական պաշտոնյաներ, Ախալքալաքի շրջանի ԶԼՄ-ները և ոչ կառավարական հատվածը:

Ծրագիրը նպատակ ունի բարձրացնելու իրազեկությունը ԵՄ-ի մասին ու ԶԼՄ-ների, ոչ պետական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությունը: Հանդիպումը բաղկացած էր երկու մասից: Առաջին մասը անցկացրեց Վրաստանի եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման կապի հարցերով պետնախարարի գրասենյակի ղեկավար Թոռնիկե Նազաձեն, պատմելով Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի և խոր ու համապարփակ ազատ առևտրի Համաձայնագրի (DCFTA) մասին:

Եվրամիության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման համակարգի թեման ներկայացրեց Վրաստանի Արտաքին Գործերի Նախարարության Եվրոինտեգրման վարչության երրորդ քարտուղար Եկատերինա Խոստիաշվիլին: Ծրագիրն իրականացվում է «Վրաստանի Բաց հասարակություն» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Նախագիծը կենտրոնացված է ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջաններում և իրականացվում է Քվեմո Քարթլի և Սամցխե-Ջավախք տարածաշրջաններում:

Քրիստինե Մարաբյան