Խաչքարագործ Սոս Հակոբյանը մեկն է ջավախքցի այն երիտասարդներից, ով իր ապագան կապում է հարազատ ծննդավայրի հետ:

Սոսի հետաքրքրությունը դեպի խաչքար մանկուց է առաջացել: Դեռ փոքրուց Սոսն սկսել է ղուրղուշունից խաչ պատրաստել, իսկ այսօր արդեն անմշակ քարից խաչքար է կերտում:

Սոս Հակոբյանը ծնվել և մեծացել է Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում: Այսօր Սոսն ուսանում է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, իսկ ազատ ժամանակ Խաչքար քանդակում: Այժմ նա աշխատում է թվով 5-րդ խաչքարի վրա: Նրա յուրաքանչյուր մուրճի հարված խաչքարին ավելի է մոտեցնում ավարտական տեսքին:

Խաչքարագործը երազում է հարազատ ծննդավայրում՝ Ջավախքում 100 և ավելին խաչքարեր կանգնեցնել:

«Նպատակս է, որ Ջավախքում շատ լինեն խաչքարեր: Երազում եմ ամենաքիչը 100 խաչքար կանգնեցնել տարբեր վայրերում: Ամեն խաչքար մի վկայություն է հայի, քրիստոնյա ժողովրդի»,- ասաց Սոս Հակոբյանը:

Չնայած բազում դժվարությունների, խաչքարագործը չի պատրաստվում խոպան (արտագնա աշխատանքի) գնալ և այդպիսով հոգալ ապրուստի հարցը: Ի տարբերություն իր բազմաթիվ հասակակիցների Սոսը հարազատ գյուղում սեփական աշխատանքն է հիմնել և օր ու գիշեր աշխատում է:

«Չեմ պատրաստվում բոլորի նման Ռուսաստան գնալ, եթե մարդ շատ է ուզում և ձգտում է, ուրեմն հաստատ կարող է նաև տեղում գումար վաստակել: Չգիտեմ կյանքս ինչ ընթացք կունենա, բայց նվիրված աշխատանքի շնորհիվ մարդ ամեն ինչի կարող է հասնել»,- նշեց խաչքարագործը:

Խաչքարագործի խոսքով Խաչքարի կերտման գործընթացն սկսվում է քարատեսակի ընտրությունից: Խաչասալը նախ բերվում է որոշակի կանոնավոր տեսքի, սրբատաշվում ու հղկվում են ապագա քանդակի մակերեսն ու նեղ կողերը: Փորագրությունն իրագործվում է տարբեր չափերի մետաղական հատիչների, դրոշմիչների, սրածայր գրիչների, մուրճերի օգնությամբ:

Խաչքարակերտությունը եղել է միջանկյալ մասնագիտություն ճարտարապետության և քարտաշության միջև, քանի որ ցանկացած խաչքար ստեղծելու և տեղադրելու համար պահանջվում են ոչ միայն հորինվածքը գծող-քանդակողի մասնագիտություն, այլև քարտաշի, ճարտարապետ-շինարարի գիտելիքներ ու հմտություններ:
xachqar
Խաչքարերը մահարձանային կոթողներ են: Շատ խաչքարերի վրա գրված է «ի վերա գերեզմանի» կամ «ի վերայ տապանի» այսինչի:

Աշխարհում գոյություն ունեն ոչ քիչ թվով խաչքարեր, որոնց վերագրվել են զանազան հիվանդություններից բուժելու հատկություններ: Ըստ անցյալի հավատալիքների «ս. Սարգիս» կոչվող խաչքարերը իրենց այցելող սիրող զույգերին երջանկություն են բերում, «ս. Գևորգ» կոչվող խաչքարերի այցելուները անխոցելի և համարձակ են դառնում պատերազմում: Կան նաև այսպես կոչված «ագռավի տապան» խաչքարեր, որոնց շուրջը հյուսված է այսպիսի ավանդություն. Դաշտում հնձվորների համար կաթ տաքացնելիս կաթսայի մեջ օձ է ընկնում: Այդ նկատում է վերևից թռչող ագռավը և շուռ է տալիս կաթսան՝ զոհելով իրեն: Այդ դեպքի համար էլ խաչքար են կանգնեցնում հիշյալ ագռավի տապանի վրա:
xachqar1
Խաչքարը հայի հոգևոր ու նյութական մշակույթի անկրկնելի արժեք է: Տարբեր ազգեր մարդկությանը նվիրել են բառեր, որոնք չեն թարգմանվում, քանի որ հասկանալի են ինքնին: Հայ ժողովրդից քաղաքակիրթ աշխարհին անցած նմանօրինակ բառերից է «Խաչքարը»` քարի մշակման արվեստի մի զարմանահրաշ բնագավառ, որը հին ու միջնադարյան իրականության մեջ տարածված է եղել բացառապես պատմական Հայաստանի տարածքում և բոլոր այն վայրերում, ուր ոտք է դրել ու իր օջախի ծուխն է երկինք հանել հայ մարդը:

Աղունիկ Այվազյան