«Իմունիզացիայի շաբաթ» նախաձեռնույթան շրջանակներում Ախալքալաքի Առողջապահության հասարակական կենտրոնը հանդիպումներ անցկացրեց գյուղական բժիշկների և բնակչության հետ: Բնակչությանը տեղեկացնելով պատվաստումների կարևորության մասին:

Ախալքալաքի շրջանը ևս միացավ «Իմունիզացիայի եվրոպական շաբաթ» ծրագրին, որն այս տարի անցկացվեց ապրիլի 24-30-ն ընկած ժամանակահատվածում:

Ծրագրի շրջանակներում Ախալքալաքի Առողջապահական կենտորնի աշխատակիցները եղել են մի շարք գյուղերում և տեղեկատվական բուկլետներ բաժանել: Անձամբ հետևել են փոքրիկների ընթացիկ պատվաստումներին և միաժամանակ բնակչությանը ներկայացրել պատվաստումների անհրաժեշտության կարևորության մասին:

«Ժամանակին արված պատվաստումը կպաշտպանի երեխային վարակիչ հիվանդություններից, առաջացնելով կայուն դիմադրողականություն: Կարևոր է, որ մարդիկ տեղեկացված լինեն և գիտակցեն պատվաստումների կարևորությունը»,- ասաց Ախալքալաքի շրջանի Առողջապահական կենտրոնի աշխատակից Նազելի Դեմուրճյանը:

Նշենք, որ 2004 թվականից ամեն տարի եվրոպական տարածաշրջանում անցկացվում է իմունիզացիայի շաբաթ կամ «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» կոչվող նախաձեռնությունը: Այն սովորաբար անցկացվում է ապրիլի վերջին՝ 22-27-ը: Իմունիզացիայի շաբաթը չի նախատեսում լրացուցիչ պատվաստումներ ազգաբնակչության համար: Ամենամյա միջոցառման գերխնդիրը պատվաստումների մասին հանրային իրազեկության բարձրացումն է և պատվաստման ենթակա յուրաքանչյուր անձին կառավարվող վարակիչ հիվանդություններից պատվաստումների միջոցով զերծ պահելն է: Նախաձեռնության ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հատկապես բնակչության առավել խոցելի խմբերին: