Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղեկացնում է, որ դեսպանությունն ամբողջությամբ տեղյակ է Ախալցիխեում ազգությամբ հայ և վրացի երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանությունից, և դրան հաջորդած տեղական ոստիկանության գործողություններից:

Վրաստանում Հայաստանի հանրապետության դեսպանությունն արձագանքել է ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Ախալցիխեում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

«Դեսպանությունն արդեն իսկ կապվել է Վրաստանի համապատասխան մարմինների հետ՝ տեղի ունեցածի ամբողջական պատկերը հասկանալու համար:
Դեսպանությունը կապ է հաստատել նաև տեղի իշխանությունների հետ, և ձեռնարկվել են համապատասխան քայլեր խնդրի կարգավորման շուրջ: Այս պահին ձերբակալվածներ չկան: Դեսպան Յուրի Վարդանյանն առաջիկայում մեկնելու է Ջավախք, որտեղ նախատեսված են հանդիպումներ ինչպես հայ համայնքի, այնպես էլ տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ»,- ասված է դեսպանության տարածած հայտարարության մեջ: