Նինոծմինդայի շրջանի Մեծ Գոնդուրա գյուղում անցկացվեց հայկական ազգային կոխ ըմբշամարտի 26-րդ բաց առաջնությունը։

Այս տարի առաջնության կազմակերպմանը աջակցել էր նաև Նինոծմինդայի ղեկավարությունը, իսկ անցած տարիներին առաջնությունները կազմակերպվում էին բարերարների օգնությամբ:

Մրցաշարի կազմակերպիչ՝ 70 ամյա Ալբերտ Շիրինյանը 26 տարի է ինչ առանց որևէ շահի մարզել է և շարունակում է մարզել ցանկացողներին, նրա սաները Եվրոպայի և աշխարհի առաջնություններում բավականին մեծ հաջողություններ են գրանցել։ 2001 թվականին Արմեն Շիրինյանը Աշխարհի առաջնությունում գրավել էր 4-րդ տեղը, իսկ Արմեն Սիրականյանը 2010 թվականի Եվրոպայի առաջնությունում նույնպես գրավել է 4-րդ տեղը:

Ըմբշամարտի Ջավախքի ամենամյա առաջնություններում մասնակցում են ոչ միայն Վրաստանի այլ նաև Հայաստանի և Արցախի մարզիկները: Սակայն այս տարի Արցախում ստեղծված պատերազմական իրավիճակների պատճառով այնտեղից մասնակիցներ չկային:

Այս տարվա առաջնությունը մյուսներից առանձնացավ նրանով, որ մասնակիցները միայն պատանիներ էին։

Մարտերը ուղեկցվում էին ազգային երգ ու պարով։ Մրցակից զույգերը մարտի սկսվելուց առաջ պարում էին որևէ ազգային պար, այնուհետև՝ սկսում մարտը։
Մասնակիցները ներկայացել են 10 քաշային կարգերում՝ 32-ից մինչև 60+ կգ, հաղթողներին շնորհվել են մրցանակներ, պատվոգրեր և մեդալներ: Ստորև ներկայացնում ենք 1-ին տեղերը զբաղեցնողների անունները. Հայկո Եղիսարյան, Ալբերտ Շիրինյան, Գարիկ Մարաբյան, Արշալույս Խաչատրյան, Սուրեն Բաղդասարյան, Արամ Աղաջանյան, Հայկ Ստեպանյան, Ռաֆիկ Գուլնաշյան, Միքայել Բադայան, Տեր Սասուն Քոստանջյան: