Ախալքալաքի շրջանի բնակիչներից շատերը չեն կարողանում սեփական տունն ու հողամասերը սեփականաշնորհել, քանի որ չունեն հողի հանձնման-ընդունման փաստաթուղթ:

Մյասնիկյան գյուղի բնակիչ Սեռժիկ Համբարյանը 1989 թվականից մինչ օրս ապրում է իր տանը: Սակայն տան սեփականության փաստաթուղթ չունենալու պատճառով այսօր չի կարողանում սեփականաշնորհել ոչ միայն հողամասերը, այլև տունը:

«Ընդհանուր հողերս 1,25 հա է: Տունս ու տնամերձ հողամասը չեն գրանցում, եթե դա լինի մնացածը մեխանիկորեն կլինի, եթե հողի հանձնման-ընդունման փաստաթուղթն ունենայի առանց խնդրի կլիներ: Ժամանակին 20 լարի արժեր այդ թուղթը, ես հիվանդանոցում եմ եղել, դրա համար էլ այդ ժամանակ չեմ վերցրել, իսկ հիմա չկա: Ժամանակին բերել բաժանել են ով հասցրել առել է, բայց շատերը չեն վերցրել»,- պատմեց Սեռժիկ Համբարյանը:

Մյասնիկյան գյուղի բնակիչը միակ մարդը չէ մեր շրջանում, որ հողի հանձնման և ընդունման փաստաթուղթ չունի: Օրինակ. Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղում առհասարակ ոչ-ոք չունի, իսկ Կուլիկամ, Կարտիկամ, Աբուլ, Սուլդա, Դադեշ և այլ գյուղերում բնակչության կեսը: Այս օրերին Ախալքալաքի հանրային ռեեստրում իսկական իրարանցում է, մարդիկ օր առաջ շտապում են անհրաժեշտ փաստաթղթերը հավաքել ու ներկայացնել սեփականաշնորհման:

Հողի հանձնման-ընդունման ակտի բացակայության դեպքում մարդիկ կարող են դատարան դիմել, և, եթե դատարանը որոշում կայացնի, որ տվյալ անձը ապրում է նշված վայրում, ապա այդ որոշման հիման վրա Հանրային ռեեստրը կգրանցի տունն ու հողամասը:

«Հիմա խնդիրն այն է, որ ժողովուրդն առանց այդ ակտի փաստաթղթերը ներս է տալիս, մեկին դրական պատասխան է գալիս, իսկ մյուսին հակառակը: Սա ինչպես բացատրել, եթե օրենք է, ուրեմն պիտի գործի բոլորի համար: 4 առանձին հողամասեր ունեմ, յուրաքանչյուրի համար 40 լարի եմ տվել, որ նկարել են: Ահագին գումար եմ ծախսել: Հիվանդ մարդ եմ, հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում, հիվանդության թոշակ եմ ստանում»,- ասաց Մյասնիկյան գյուղի բնակիչը:

Սեռժիկ Համբարյանը մոտ 200 լարի է ծախսել փաստաթղթերը հավաքելու և գրանցման ներկայացնելու համար, սակայն վերջինիս մերժել են՝ պատճառաբանելով, որ հողի հանձնման-ընդունման փաստաթուղթը բացակայում է:

Նշենք, որ Վրաստանի սեփականաշնորհման մասին օրենքը Խորհրդարան է ներկայացված փոփոխություններ մտցնելու նկատառումով: Ըստ այդ փոփոխությունների պարզեցվում է սեփականաշնորհման ընթացակարգը, որի արդյունքում մարդիկ կկարողանան առանց ավելորդ փաստաթղթային քաշքշուկների սեփականաշնորհել տներն ու հողամասերը:

Աղունիկ Այվազյան