Ախալքալաքում ցրտաշունչ և երկարատև ձմեռը կարելի է ասել նահանջեց, չնայած մարդիկ դեռևս շարունակում են բնակարանները ջեռուցել։

2007 թվականից առ այսօր Ախալքալաք քաղաքում բնակարանների հիմնական մասը գազաջեռուցման հնարավորություն ունեն, սակայն ելնելով ֆինանսական պայմաններից նախընտրում են օգտվել ջեռուցման այլ տարբերակներից։

«Մենք այս տարի փայտ ենք վառել, շատ թանկ է, ժողովրդի ձեռքը փող չկա, չենք կարողանում վճարել։ Փայտն էլ, որ ունենք անցյալ տարվանից է մնացել, թե չէ փայտի մի շարքը 450-500 լարի է, ի վիճակի չենք այդքան վճարելու»,- մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի բնակչուհի տիկին Արաքսյան։

Չնայած ձմեռը վերջապես զիջեց իր դիրքերը, սակայն մինչև հիմա մարդիկ ստիպված են գոնե երեկոյան մի քիչ տաքացնել իրենց բնակարանները: Շատերի վառելիքը վերջացել է: Մարդիկ ստիպված երեկոներն անցկացնում են տաք ծածկոցների տակ:

«Այսօր մեզանից ավելի վատ վիճակում մարդիկ էլ կան, որոնց փայտը վերջացել է, և գումար էլ չունեն գնելու համար։ Գնացել էի հարևանիս տուն նկատեցի, որ երեխաները ծածկոցներով փաթաթված բազմոցին էին նստած։ Հարևանս ասաց, որ փայտը վերջացել է, մի քիչ է մնացել, այն էլ պահել են ավելի ցուրտ երեկոների համար»,- պատմեց տիկին Սուսաննան։

Ախալքալաքում ջեռուցման խնդիրը ամբողջ տարվա մտահոգության առիթ է։ Ձմռան ավարտից անմիջապես հետո, այսինքն մոտավորապես մայիս ամսից մարդիկ սկսում են մտածել՝ արդեն գալիք ձմեռվա վառելիքի մասին։

«Մեր հիմնական մտահոգությունը բնակարանը տաքացնելն է։ Ամեն տարի տարբեր միջոցներով ենք տաքացնում բնակարանը, բայց չկա ոչ մի տարբերություն։ Տարվա կեսը ձմեռ է ու շատ քչերն են կարողանում բավարար ջերմություն ապահովել իրենց բնակարաններում»,- դժգոհեց Ախալքալաքի բնակիչ Սուրենը։

Քաղաքի բարձրահարկ շենքերից մեկի բնակիչն ասաց. «Ձմեռը գարուն հանելու մեզ 4 շարք փայտ է պետք։ Ոչ գազն է ձեռնտու, ոչ էլ փայտը։ Մարդիկ ստիպված թղթե արկղեր են հավաքում վառելու համար: Անտանելի վիճակ է, հո չեն սառելու»,- հավելեց մի բնակչուհի, ով չցանկացավ ներկայանալ։

Ջուլիետա Տոնականյան