Ապրիլի 1 լույս 2-ի գիշեր ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով վերսկսվել է ռազմական գործողությունները: Իրադրությունը ծայրաստիճան լարված է: Սահմանին մարտեր են ընթանում, կան զոհեր և վիրավորներ, այդ թվում խաղաղ բնակիչներ:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսօր վաղ առավոտյան ղարաբաղյան հակամարտության շփման գծում զինված բախումներ են սկսվել: Հայաստանը պնդում է, որ Ադրբեջանը հարձակողական գործողություններ է ձեռնարկել հրետանու, զրահատեխնիկայի և օդուժի կիրառմամբ: Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունում ասվում է, որ «հակառակորդը փորձել է ներխուժել ԼՂՀ ՊԲ պաշտպանության խորքը և գրավել մարտավարական դիրքեր»:

Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է:

Հայկական լրատվամիջոցների փոխանցմաբ՝ հայկական զինուժը խոցել է ադրբեջանական 3 տանկ, 2 ուղղաթիռ և 2 անօդաչու թռչող սարք: Հայկական պաշտոնական աղբյուրները հայտնում են նաև, որ երկու կողմերն էլ զոհեր են տվել, սակայն ադրբեջանական կողմի զոհերը գերազանցում են:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը լրագրողներին հայտնել է, որ հայկական կողմը եւս կորուստներ ունի, կան զոհեր, վիրավորներ, որոնց թիվը ճշտվում է.

«Ադրբեջանական կողմը թիրախավորել է դպրոց, ինչը կոպիտ խախտում է համարվում միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնեւյան կոնվենցիաների, որովհետեւ քաղաքացիական նման օբյեկտները՝ դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, չեն կարող լինեն լեգիտիմ թիրախ նույնիսկ պատերազմի ժամանակ: Բայց մենք գործ ունենք ահաբեկչական պետության հետ, իսկ ահաբեկիչների համար ո՛չ օրենք, ո՛չ բարոյական նորմաներ գոյություն չունեն»: