«Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում Ախալքալաքի շրջանին հատկացվել է 1 111 730 լարի: Առաջնահերթությունը այս տարի գյուղական ճանապարհների վերանորոգման, ջրամատակարարման և ոռոգման համակարգերի, ինչպես նաև հանդիսությունների տների վերանորոգմանն է տրված:

Ախալքալաքի շրջանում, ինչպես նաև ամբողջ Վրաստանում արդեն ութ տարի է ինչ մեկնարկել է (ԳՕԾ) «Օգնություն գյուղին» պետական ծրագիրը:

Այս տարի պետությունը ԳՕԾ-ում Ախալքալաքի շրջանին հատկացրել է` 1 111 730 լարի, որը 44 128 լարիով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Անցյալ տարի 1 067 602 լարի էր: Գումարը հատկացվում է բնակիչների թվաքանակով: Լրացուցիչ գումարը հավասարապես բաժանվել շրջանի 64 գյուղերի միջև: Յուրաքանչյուր գյուղ ստացել է 690 լարի:

Ինչ աշխատանքների վրա կծախսի գումարը, կորոշի գյուղի մեծամասնությունը ժողովների և հանդիպումների ընթացքում, որին մասնակցում են նաև շրջանային վարչության աշխատակիցները: Ախալքալաքի շրջանային վարչության տնտեսական զարգացման և գույքի կառավարման բաժնի ղեկավար` Վոլոդյա Յայլոյանն ասում է, որ իրենք չեն թելադրում, բայց տալիս են գյուղացիներին ուղղություններ գործողությունների ծրագրի ընթացքում անցկացվող աշխատանքների ընտրելու մասին, որպեսզի այդ գումարները օգտավետ ծախսվեն:

Առաջնահերթությունների ընտրությունը արդեն կատարվել է բոլոր գյուղերում: Ըստ Վոլոդյա Յայլոյանի հաջորդ տարվանից, եթե առաջնահերթությունները որոշելու համար հանդիպումների ժամանակ ներկա չլինի գյուղի բնակիչների 20%-ը, ապա հանդիպումը չեղյալ կհամարվի:

«Այս տարի թույլատրվում է, սակայն հաջորդ տարի, եթե ներկա չլինի բնակչության 20%-ը, այդ հանդիպումը չի թույլատրվում անցկացնել: Քանի որ դրանից հետո, մեծամասնությունը գալիս է, և ասում, որ համաձայն չեն ընտրված առաջնահերթության հետ և առաջարկում են փոխել: Նման դեպքեր եղել են անցյալ և նախանցյալ տարի: Այս տարի, մենք զգուշացրեցինք, որ չենք փոխի», – ասում է Վոլոդիա Յայլոյանը:

Ըստ Ախալքալաքի Շրջանային վարչության տնտեսական զարգացման և գույքի կառավարման բաժնի մասնագետ Վահան Բաթոյանի, որոշ գյուղերում եղել են ժողովներ, իսկ որոշ գյուղերում` հանդիպումներ:

«Փոքր գյուղերում, հիմնականում եղել են ժողովներ, իսկ մեծ գյուղերում հանդիպումներ: Մեծ գյուղերում շատ դժվար է հավաքել բնակչության ավելի քան 20%-ը: Օրինակ Վաչիանում չկարողացանք հավաքել է 20%-ից ավելին: Չնայած նրան, որ գյուղի բնակիչները ավելի ակտիվ են և հետաքրքրվում են», – ասում է Վահան Բաթոյանը:

Խուլգումո և Կուլիկամ գյուղերը իրենց ամբողջ գումարը` համապատասխանաբար 26 702 և 35 042 լարին այս տարի կծախսեն մանկապարտեզների վերականգնման վրա:

Չամդուրա գյուղը իր ամբողջ գումարը` 16 315 լարի կծախսի ներքին ճանապարհների վերականգնման վրա, որոնք տանում են դեպի դաշտերը: Թաղչա և Օլավերդ գյուղերը իրենց գումարը կծախսեն ճանապարհների վերականգնման վրա:

Վաչիան գյուղին հատկացվել է 42 298 լարի, որից 15 000 լարին նրանք կծախսեն գյուղի ճանապարհի վերականգնման վրա: Դիլիսկա գյուղը նույնպես իր (52 569 լարին) գումարից 7000 լարի կծախսի ճանապարհների վերականգնման վրա: Գումբուրդո գյուղը նույնպես գումարի մեծ մասը կծախսի գյուղական ճանապարհների վերանորոգման վրա:

Խավեթ և Էրինջա գյուղերը «Օգնություն գյուղին» ծրագրի փողով շարունակելու են աշխատանքները հանդիսությունների տան շինարարության վրա, որը սկսել էին անցյալ տարի:

Ալաստան և Դավնիա գյուղերը շարունակում են խմելու ջրի համակարգի վերականգնողական աշխատանքները:

Գոման, Խորենիա, Թոթխամ, Չունչխա, Դրկնա, Քարծեփ, Վարևան, Դիլիսկա գյուղերը իրենց գումարի մի մասը այս տարի կծախսեն խմելու և ոռոգման ջրի համակարգի վերականգնողական աշխատանքների վրա:

Ախալքալաքի Շրջանային վարչության տնտեսական զարգացման և գույքի կառավարման բաժնի ղեկավար` Վոլոդյա Յայլոյանի խոսքով, նրանք գյուղերի նիստերի արձանագրությունները արդեն ուղարկել են Էկոնոմիկայի նախարարություն հաստատման համար:

«Հետո կհաստատի մեր Սակրեբուլոն և կհայտարարենք տենդեր-մրցույթ: Այս տարի բոլոր աշխատանքները կիրականացվեն տեդներ համակարգով: Աշխատանքները հավանաբար կսկսվեն մայիսին»,- ասում է Վոլոդյա Յայլոյանը:

Շուշան Շիրինյան