Վաղ ամուսնությունը Հարավային Կովկասում ավանդական և սոցիալական բնույթի են: 2016 թվականի հունվարի մեկից Վրաստանի օրենսդրությունը հետևյալ հարցի վերաբերյալ խստացվել է, ինչպես ցույց է տալիս նախորդ տարվա վիճակագրությունը` վաղ հասակում ամուսնացածների թիվը կազմում 611 մարդ:

Համաձայն նոր օրենսդրության, Վրաստանում անչափահասները կարող են ամուսնանալ ձեռք բերելով դատարանի թույլտվությունը, հղիության և ծննդաբերության դեպքում: Պաշտոնապես ամուսնանալ կարելի է չափահաս դառնալուց հետո, ամուսնանալ Վրաստանում հնարավոր էր տասնվեց տարեկանում, ծնողի կամ խնամակալի նախնական համաձայնությամբ:

Այժմ Վրաստանի քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխությունների պատճառով, անչափահասների ամուսնության համար ոչ թե պետք է ծնողի համաձայնությունը, այլ դատարանի որոշումը, ինչը հնարավոր է ստանալ միայն 17 տարեկանում: Բայց այս հոդվածը նույնպես գործելու է միայն մեկ տարվա ընթացքում, որից հետո Վրաստանում ամուսնությունները կթուլյատրվեն միայն չափահաս տարիքում:

Ըստ «Վրաստանում վաղ ամուսնության մասին» հատուկ զեկույցի, որը ներկայացվել է Վրաստանի Ժողովրդական պաշտպանի կողմից մարտի 28-ին, տարբեր պետական մարմինների կողմից ներկայացված տվյալների համաձայն 2015 թվականին 611 քաղաքացի 16-18 տարեկան հասակում գրանցել են ամուսնություն: Իսկ 1 449 Վրաստանի անչափահաս քաղաքացիներ դարձել են ծնողներ:

Կրթությունը միջնակարգ դպրոցներում դադարեցրել են 408 անչափահաս` ընտանիք ստեղծելու նպատակով: Նաև հայտնի է, որ 2015 թվականին Սոցիալական ծառայության Գործակալությունը հետազոտել է անչափահաս քաղաքացիների ընտանիք ստեղծելու միայն 47 փաստ:

Վաղ ամուսնությունները Ախալքալաքում, ինչպես նաև Հարավային Կովկասի այլ շրջաններում ընդունելի ավանդույթ էին: Աղջիկներին ծնողները ամուսնացնում էին 13 տարեկան հասակում: Իսկ 90-ականներին անչափահաս աղջիկներին կարելի էր փախցնել, իսկ փախցնելուց հետո հայրական տուն վերադառնալը համարվում էր «խայտառակություն», այդպիսով նրանք մնում էին ու ստեղծում ընտանիք: Սակայն, «հարսնացուի առևանգման» վերաբերյալ օրենսդրության խստացումից հետո, ծնողների չհամաձայնության դեպքում փախցնողը կարող է ձերբակալվել և տուգանվել 10 000 լարիով։ Այս ամենի արդյունքում առևանգումները հետզհետե կրճատվեցին:

Այժմ, վաղ ամուսնությունները հանդիպում են հազվադեպ: Մեր հարցին, թե ինչպես եք վերաբերվում վաղ ամուսնություններին, ախալքալաքցիների պատասխանները միանշանակ բացասական էին:

«Ես բացասական եմ վերաբերվում վաղ ամուսնությանը: Զույգը պետք է խելքի գա, և միայն դրանից հետո գնա այդ քայլին: Երիտասարդները միայն մտածում են մեկ բարձի ծերանալու մասին, արդյունքները ցույց են տալիս, որ այդ բարձի պատճառով, նրանք միմյանց չեն հասկանում»:

«Բացասական եմ վերաբերվում: Ապագա ունենալու համար պետք է կրթություն ստանալ: Հետո շատ խնդիրներ են առաջանում և մեկը` մյուսին չհասկանալը: Ինչպես նաև առողջության հետ կապված խնդիրներ: Ես շատ կողմ եմ, որ խստացրել են օրենքը այս հարցի հետ կապված»:

«Կարծում եմ, որ ամուսնությունը պիտի լինի 21 տարեկանից հետո, այդ ժամանակահատվածում արդեն կկարողանան կայացնել գիտակցված որոշումներ»:

«Ես կտրականապես դեմ եմ: Քանի որ օրենսդրությունն արգելում է: Վաղ ամուսնության պատճառներ լինում են հղիությունը, ցանկությունը զերծ մնալ ծնողական խնամակալությունից, կամ էլ դժբախտ սիրո պատճառը: Երբ շուտ են ամուսնանում, շուտ էլ ամուսնալուծվում են: Առանց կրթության չեն կարող լավ աշխատանք ունենալ և ընտանիքը պահելը դժվար է դառնում»:

«Աննորմալ, այլ կերպ չեմ կարող արտահայտվել: Սա ոչ թե ամուսնություն է այլ կարճաժամկետ խաղ, որը շատերի համար տխուր ավարտ է ունենում: Անգիտակից քայլ է, որտեղ միշտ զոհաբերվում է աղջիկը: Ըստ մեր մտածելակերպի, ապրելով կյանքը տղամարդու հետ, չհասկանալով, թե ինչպես անցավ կյանքը»:

«Շատ վատ է, իհարկե, վաղ ամուսնությունը հանգեցնում է բազմաթիվ խնդիրների, նախ որպեսզի աղջիկը առողջ երեխա ծննդաբերի պետք է լինի առնվազն 19-20 տարեկան: Եվ նրանց շարքում, ովքեր ամուսնանում են վաղ հասակում, շատ են ամուսնալուծությունները»:

«Կտրականապես վատ: Ինձ համար ընդունելի է, երբ աղջիկ 23 և ավելի տարեկան է, իսկ տղամարդը` 25 և ավելի»:

«Ընդհանրապես չեմ ընդունում վաղ ամուսնությունները: Եվ ծնողները պարտավոր են վերահսկել այս հարցը, քանի որ այս տարիքում երեխաները չեն հասկանում, այս իրենց քայլի լրջությունը»:

Քրիստինե Մարաբյան