Թոշակառուների մեծամասնությունը չգիտի, որ հենց իրենք պետք է փաստաթղթեր պատրաստեն բարձրլեռնային շրջանի բնակչի կարգավիճակ ստանալու համար, իսկ ովքեր գիտեն, դժգոհում են, որ իրենց համար դժվար է փաստաթղթերի համար վազվզելը:

«Բարձրլեռնային շրջանների զարգացման մասին» նոր օրենքի համաձայն բնակչության որոշ մասը բարձրլեռնային շրջանի բնակչի կարգավիճակ ստացել է ինքնաբերաբար: Սակայն բնակչության ամենակարիքավոր և անօգնական հատվածը` թոշակառուներն անձամբ պետք է պատրաստեն փաստաթղթերը այդ կարգավիճակն ստանալու համար: Օրենքը սահմանում է, որ այս տարվա սեպտեմբերին կենսաթոշակառուները, ովքեր ունեն բարձրլեռնային շրջանի բնակչի կարգավիճակ ստանալու են 20%-ով ավելացած կենսաթոշակ, ուստի կարևոր է, որ թոշակառուներն ստանան այդ կարգավիճակը: Թոշակառուները բողոքում են, որ իրենք ֆիզիկապես չեն կարող վազվզել և հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը:

«Ինձ համար շատ դժվար է հավաքել այդ ամենը, չգիտեմ թե որտեղից է հարկավոր սկսել, ուր գնալ, աշակերտների ու նրանց ծնողների փոխարեն մեզ պետք է տային ավտոմատ կերպով, ինչու են մեզ տանջում», – ասում է 82-ամյա Ռիմա Թորոսյանը:

Մեր խմբագրությունը ստացել է բազմաթիվ խնդրանքներ և բողոքներ տարեց ընթերցողներից, որպեսզի թոշակառուներին կարգավիճակ տալու գործընթացը վերանայվի:

Հիշեցնենք, որ այս օրենքն ընդունվել է 2015 թվականի հուլիսի 16-ին և ուժի մեջ է մտել 2016 թվականի հունվարին: Ավտոմատ կերպով բարձրլեռնային շրջանի բնակչի կարգավիճակ ստացել է մոտ 21 000 մարդ` բյուջետային կազմակերպությունների աշխատակիցները, ուսուցիչները, աշակերտները և նրանց ծնողները: Ինչպես նաև թոշակառուները և բնակչության այն շերտերը, ովքեր ունեն սոցիալական միավորներ:

Ախալքալաքի շրջանային վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը մեզ հետ զրույցի ժամանակ ասաց, որ նրանք արդեն հարցը բարձրացրել են Տարածաշրջանային զարգացման նախարարության մակարդակով:

«Այդ հարցը քննարկվում է: Տարածաշրջանային զարգացման նախարարությունում ասացինք, որ թոշակառուների ցուցակը վերցնեն սոցիալական գործակալությունից և ավտոմատ կերպով հանձնեն նրանց կարգավիճակ, քանի որ թոշակառուներին դժվար է պատրաստել այդ փաստաթղթերը: Տեսնենք, ինչ կասեն, հաջորդ շաբաթ, հինգշաբթի օրը պարզ կդառնա», – ասաց Էդուարդ Աղասարյանը:

Այս պայմաններից դժգոհ են ոչ միայն ախալքալաքցիները, այլ նաև Վրաստանի այլ բարձրլեռնային շրջանների բնակիչները, այդ թվում, Խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ:

Ախալքալաքի շրջանից Խորհրդարանի պատգամավոր` Սամվել Պետրոսյանը կարծում է, որ «Բարձրլեռնային շրջանների զարգացման մասին» օրենքը ի օգուտ բնակչությանն է, սակայն այն, որ թոշակառուներն իրենք պետք է պատրաստեն փաստաթղթերը, կարգավիճակ ձեռք բերելու համար պետք է վերանայվի:

«Ես ինքս պատրաստվում էի բարձրացնել այս հարցը Խորհրդարանում, բայց իմ գործընկերը, ով նստում է կողքիս բարձրացրեց այս հարցը, որը ոչ միայն Ախալքալաքի խնդիրն է, այլ նաև մյուս տարածաշրջանների: Նա խոսեց ի օգուտ ողջ Վրաստանի և մեր տարածաշրջանը նույնպես նշեց իմ խնդրանքով: Սպասում ենք պատասխանի: Ես վստահ եմ, որ այս հարցը դրական լուծում կստանա», – ասաց Սամվել Պետրոսյանը:

Բացի դժվարություններից, պետք է նշել, որ թոշակառուների մեծ մասը չեն նայում հեռուստացույց, չգիտեն վրացերեն և հետևաբար չգիտեն օրենքի մասին, և, որ նրանք պետք է ստանան բարձրլեռնային շրջանի բնակչի կարգավիճակ օգտվելու համար օրենքի արտոնություններից:

Եվ եթե թոշակառուներն ավտոմատ կերպով չստանան կարգավիճակ, ապա սեպտեմբերին շատերը կկանգնեն այն խնդրի առաջ, որ չեն ստանա ավելացված թոշակ:

Շուշան Շիրինյան