Մարտի 21-ին, Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Նառցիս Կարապետյանը հրաժարականի դիմում է գրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու համար:

jnews.ge լրատվականի հետ հեռախոսազրույցում Կարապետյանը հաստատեց, որ ազատման դիմում է ներկայացրել Վրաստանի կրթության և գիտության նախարարությանը: Հարցին, թե ինչ պատճառով է անձամբ գրել հեռացման դիմում վերջինս ասաց. «Պետք էր, մարտի 21-ին ազատման դիմում եմ գրել»:

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունում ևս հաստատեցին, որ ստացել են հրաժարականի դիմումը:

Նշենք, որ Ախալքալաքի ռեսուրս կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար դեռ նշանակված չէ, առաջիկայում թափուր պաշտոնի համար մրցույթ կկայանա:

Նառցիս Կարապետյանը Վրաստանի կրթության և գիտության նախարարության Ախալքալաքի շրջանի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2003-ից: