Կոկիո գյուղի հանրային դպրոցի աշակերտները բարձերով են դասի նստում, իսկ ֆիզկուլտուրայի դասերն ընթանում են միջանցքում: Դպրոցում վերջին անգամ հիմնովին վերանորոգման աշխատանքներ են անցկացվել 14 տարի առաջ:

Կոկիա (Կոկիո) գյուղի դպրոցի շենքի կառուցման տարեթիվը համարվում է 1936 թվականը, այն նախկինում եղել է թուրքական մզկիթ: Տարիների ընթացքում դասասենյակներ են ավելացրել և կամաց-կամաց այն դպրոց է դարձել:
8

«Վերջին անգամ վերանորոգվել է 2002 թվականին: Հիմնական վերանորոգումը այդ ժամանակ է եղել, իսկ մնացած դեպքերում դպրոցի խնայված միջոցների հաշվին պատուհան, հատակ ենք փոխել: Այս տարի դարպաս դրինք, իբր ուզեցինք ցանկապատել դպրոցի տարածքը, այն էլ ֆինանսը չհերիքեց, կիսատ մնաց, դրսի դուռն ենք փոխել»,- պատմեց դպրոցի տնօրեն Գայանե Կուրղինյանը:

Գյուղում չկան բարերարներ, որ դպրոցին օգնություն ցուցաբերեն: Այսօր դպրոցը սեփական խնայողությունների հաշվին է գույք և այլ անհրաժեշտ պարագաներ ձեռք բերում: Դասասենյակները կիսախարխուլ վիճակում են: Ճիշտ է պետական միջոցներով գրեթե ամեն տարի մի դասասենյակում կոսմետիկ վերանորոգում է ընթանում, սակայն դրանից դպրոցի ընդհանուր պատկերը չի փոխվում: Խոնավ օդ, մամռակալած պատեր, փտած հատակ, իսկ տեղ-տեղ էլ բետոնե: Երեխաները այստեղ դասի են նստում բարձերով, որպեսզի չմրսեն:
3

«Դասասենյակները շատ վատ վիճակում են, ընդհանուր միջանցքի հատակով այլևս հնարավոր չէ քայլել, չունենք սպորտդահլիճ, ֆիզկուլտուրայի դասաժամերը միջանցքում ենք անում: Երեխաները չեն կարող նորմալ ֆիզկուլտուրա անել, մյուս կողմից էլ աղմուկը խանգարում է դասասենյակներում անցկացվող դասերին»,- նշեց Կոկիա գյուղի դպրոցի տնօրենը:

Տաք եղանակներին ֆիզկուլտուրայի դասերը դպրոցի բակում են ընթանում, որտեղ համապատասխան ոչ մի պարագա չկա:

«Այսօրվա դրությամբ քաղաքից գալիս են մեր երեխաներին բոքս ու պար են պարապում, գյուղում մի սենյակ կա ջահելներն են սարքել, պարապունքներն այդտեղ են անցկացվում: Ինչի պիտի մի դահլիճ չունենանք, որ երեխան առանձին վճարի պարի, բոքսի ու մնացած բաների համար»,- ասաց գյուղացիներից մեկը:
5

Շենքային խնդիրներից զատ դպրոցը նաև աշակերտի խնդիր ունի: Այսօր գյուղի 9-ամյա դպրոց է հաճախում ընդամենը 37 աշակերտ, իսկ ավարտական դասարանների աշակերտները գնում են հարևան՝ Ալաստան գյուղի միջնակարգ դպրոց:

«Տարեցտարի մեր երեխաների քանակը կրճատվում է, վաուչերը քիչ է գալիս: Սոցիալական ծանր վիճակից ելնելով կանայք չեն ծննդաբերում: Ամենացավոտ հարցը՝ գյուղի սոցիալական վիճակն է: Կինն ուզում է շատ երեխա ունենա, բայց մտածում է ինչպես պահի: Ինչպես երեխա պահես, երբ ժողովուրդը տանջվել 4-5 տոն կարտոֆիլ է մշակել, որն էլ չի վաճառվում,- ասաց տիկին Գայանեն, հավելելով,- Երբ տնօրեն նշանակվեցի 112 աշակերտ ունեինք, այսօր՝ 37-ը»:

4

Երան Մանասյանը, ով տարրական դասարանում է դասավանդում չի հիշում, թե վերջին անգամ երբ են Հայաստանից դասագիրք ստացել:

«4-5 կամ ավելի շատ, արդեն մոռացել ենք: Այբբենարան չենք ստանում, ստիպված ծնողներն են գնում, իսկ մյուս դասագրքերով ամբողջովին ապահոված ենք: Դասագրքից մեծ բան է կախված, այն պետք է գրավի երեխային, որ նա ցանկանա այդ առարկան ուսանել»,- ասաց նա:

Ինչպես Ջավախքի գրեթե բոլոր դպրոցներում, այնպես էլ Կոկիայում մանկավարժ-մասնագետների խնդիր կա: Դպրոցը չունի Կենսաբանության, ֆիզիկայի, Վրաստանի աշխարհագրության, Վրաստանի պատմության, քիմիայի մասնագետ:

«Ստիպված բանասերն է դասավանդում պատմություն, մաթեմատիկա՝ ֆիզիկա, քիմիա, չկա մասնագետ, ով կհամաձայնվի քաղաքից երկու ժամի համար հասնել Կոկիո: Իսկ դասագրքերով ապահոված ենք, շնորհակալություն Ռեսուրս կենտրոնի ղեկավարին, հաշվի առնելով որ հեռու գյուղ ենք առաջինն ամեն ինչ մեզ են տալիս»,- եզրափակեց Գայանե Կուրղինյանը:
7
Հայկական գողտրիկ այս գյուղում մարդիկ խուսափում են երեխաներ ունենալ, լավագույն դեպքում երկու երեխայով են բավարարվում: Չնայած, որ աշակերտները քիչ են, բայց շատերն են ձգտում բարձրագույն կրթություն ստանալ: Այսօրվա դրությամբ գյուղից Երևանի տարբեր բուհերում բարձրագույն կրթություն է ստանում 4 երիտասարդ:

Աղունիկ Այվազյան