Մոտ 50 մարդ` Մերենիա գյուղի երիտասարդները եկել էին Ախալքալաքի շրջանային վարչություն խնդրելու, որ վերանորոգեն Մերենիա գյուղ տանող ճանապարհը:

Մերենիա գյուղի երիտասարդներն առավոտյան հավաքվեցին Ախալքալաքի շրջանային վարչության շենքի մոտ, հանդիպելու Շրջանային վարչության նախագահի հետ (Գամգեբելի): Նրանք եկել էին խնդրելու, որ շրջանային վարչությունը միջոցներ ձեռնարկի Բուխաշեն – Մերենիա ճանապարհի բարելավման համար:

«Ճանապարհները շատ վատ վիճակում են: Նույնիսկ անցյալ աշնանը պիտի վերանորոգվեին, սակայն դա չարվեց: Մենք այսօր եկել ենք այստեղ պարզելու, թե ինչու չեն արել», – ասաց Վարազդատ Հարությունյանը:

Ըստ Արշամ Մկրտչյանի երեք տարի է Մերենիա գյուղ տանող ճանապարհը վատ վիճակում է:

«Մենք ցանկանում ենք զրուցել ղեկավարության հետ և իմանալ ինչպե՞ս և ե՞րբ կվերանորոգվի մեր ճանապարհը: Մենք բողոքել ենք նաև գյուղի լիազոր անձին, ով մեզ խոստացավ, որ կանեն: Սակայն մենք ուզում ենք այսօր ինքներս իմանալ, ինչ կասեն այստեղ»,- նշեց Արշամ Մկրտչյանը:

Որոշեցինք պարզել այս հարցը Շրջանային վարչության տնտեսության և ենթակառուցվածքների բաժանմունքում: Ըստ Ախալքալաքի շրջանի տվյալ բաժնի ղեկավարի` Ալբերտ Նահատակյանի, այդ ճանապարհային աշխատանքների տենդեր-մրցույթի ծրագիրը հանձնվել է ուշ, քանի որ ըստ ծրագրի այդ աշխատանքը նախօրոք նախատեսված չի եղել:

«Ըստ բյուջեի չի նախատեսվել: Մենք խնայողական միջոցներով պատվիրել ենք նախագիծը, որպեսզի ֆինանսական հնարավորությունների դեպքում իրականացնենք: Մենք մինչ քննարկեցինք, մինչ նախագիծը պատվիրեցինք, և երբ այն պատրաստ էր, արդեն շատ ուշ էր: Եղանակը ցրտեց, քարհանքերից անհնար էր մանրախիճ հանել: Ճանապարհային վերանորոգում իրականացնելն անիմաստ էր»,- պարզաբանեց Ալբերտ Նահատակյանը:

Տենդեր-մրցույթներից խնայած միջոցներով, որոնցով պատրաստվում էին ացկացնել վերանորոգման աշխատանքները լուսավորվեցին շրջանի 59 գյուղերը:

Ալբերտ Նահատակյանի խոսքով, բոլոր գյուղերի ճանապարհները նախատեսվում է վերականգնել, հարցը ժամանակի և միջոցների մեջ է:
Մերենիա գյուղի երիտասարդությունը հանդիպեց Ախալքալաքի Շրջանային վարչության նախագահի` Էդուարդ Աղասարյանի հետ, հանդիպումը կայացավ փակ դռների հետևում: Ինչից հետո, երիտասարդները մեզ ասացին, որ երկու շաբաթվա ընթացքում այդ աշխատանքների համար կհայտարարվի տենդեր-մրցույթ:

Երիտասարդությունը հեռացավ հույսով, որ ճանապարհը իսկապես կվերանորոգվի: