Վրաստանում այսօր տոն է՝ մայրության օրը: Այս տոնը մեկնարկ տվեց կանանց միամսյակին Ջավախքում:

Այսօր Ախալքալաքի փողոցներում չկար ամենօրյա աշխուժությունը՝ օրն աշխատանքային չէր, սակայն ժպտացող դեմքեր և ծաղիկները ձեռքներին աղջիկների և տղաների հաճախ էինք հանդիպում: Ախալքալաքում միայն վերջի մի քանի տարիներին է, որ մարտի 3-ը նշվում է որպես մայրության և գեղեցկության տոն:

Տոնի պատմությունը կապված է Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի անվան հետ, ով 1991 թվականին այն ներկայացրեց խորհրդարանի հաստատմանը: Նոր տոնը պետք է փոխարիներ Կանանց օրվան, քանի որ Մարտի 8-ը, Գամսախուրդիայի նախաձեռնությամբ, այդ ժամանակ չեղյալ էր հայտարարվել:

«Մարտի 3-ը Ախալքալաքում նշում են հիմնականում վրացիները, սակայն նրանք էլ միայն վերջերս են սկսել ուշադրություն դարձնել այս օրվան», – ասաց ծաղկավաճառ Էմման:

Չնայած օրը տոնական էր, սակայն ծաղկի խանութներում տեսականիների պակաս կար, փոխարենը չկար գնաճ, սակայն մինչև մարտի 8–ը ծաղիկների գնաճ սպասվում է:

«Ծաղիկների գնի աճ դեռևս չկա, բայց ծաղիկների նոր հոսքը, որին սպասում ենք, արդեն թանկացված գներով է գալու, մոտավորապես 20 վարդի մեջ 10 լարի կթանկանա», – ասաց Էմման:

Իսկ, թե ովքեր են օրը համարում տոնական և ովքեր են շնորհավորում կանանց պարզելու համար անցկացրեցինք փոքր հարցում Ախալքալաքի փղոցներում:

«Այսօր մեր ամուսնության մեկ տարին է, արդեն տոն է, ևս մեկ տոնը չի խանգարում շնորհավորելու», – ասաց Կարենը, ով ծաղիկներ էր վերցնում սիրելիի համար:

«Այսօր Վրաստանում մայրերի օրն է, ճիշտ է մենք հայերս հիմնական տոները նշում ենք հայկական օրացույցով, բայց մայրերին ևս մեկ անգամ շնորհավորելը տեղին է», – ասաց Վալերը:

«Այսօր ինձ կրկնակի են շնորհավորում, բացի մայրության օրից նաև իմ ծննդյան օրն է», – ասաց Անահիտը:

«Գիտեմ, որ այսօր Վրաստանում մայրերի օրն է, բայց մենք հիմնականում այն չենք նշում», – ասաց Կարինեն:

JNEWS.GE-ն ևս շնորհավորում է մայրերի օրը ցանկանալով՝ ամենայն բարին և երջանկություն: Իսկ տղամարդկանց ցանկանում ենք հաջողություն, չէ որ դեռ սպասվում է կանանց միջազգային տոնը՝ մարտի 8-ը և մայրության և գեղեցկության հայկական տոնը՝ ապրիլի 7-ը:

Ջուլիետա Տոնականյան