Ջավախքահայ մի խումբ մտավորականների անունից տարածվել է հայտարարություն, որում պահանջվում է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի հրաժարականը, իսկ դեսպանությունը հրաժարվում է մեկնաբանել անդեմ ու անանուն նամակ-պահանջին:

Այսօր hetq.am լրատվականը հրապարակեց ջավախքահայ մի խումբ մտավորականների հայտարարություն-պահանջագիրը դեսպան Յուրին Վարդանյանին, որտեղ մասնավորապես նշվում է.

«Հայտարարության շրջանակներում դիմում ենք Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուրի Վարդանյանին. պարո՛ն դեսպան, Դուք այդպես էլ չընկալեցիք ու չըմբռնեցիք ջավախքահայոց խնդիրների ողջ փիլիսոփայությունը, չխորացաք ու ձեռնամուխ չեղաք և ոչ մի հարցի բարձրաձայնման ու լուծման ուղիների որոնման գործին, ջավախքահայությունն այդպես էլ չզգաց Ձեզանից ջերմություն, հոգատարություն ու նվիրվածություն: Մեծ ցավով ենք արձանագրում, սակայն մենք՝ ջավախքահայերս, անգամ Ձեր գոյությունն իսկ չենք զգացել այս մեկուկես-երկու տարիների ընթացքում…

Պարո՛ն դեսպան, Ձեզ համար անհասկանալի մի խաղի մեջ մտնելով՝ պարտվեցիք, և մենք այսօր պահանջում ենք Ձեր հրաժարականը: Պահանջում ենք՝ ոչ թե չկայացած դեսպանին վերստին սիրելի ծանրամարտիկով փոխարինելու երազանքով: Ամենևի՛ն: Պահանջում ենք, քանի որ միմիայն դպրոցականին հասկանալի չէ, որ Ձեր հրաժարականի մասին մեր պահանջով մենք ՀՀ իշխանություններից պահանջում ենք արմատապես վերանայել մեր մասով վարած ՀՀ արտաքին քաղաքականությունը: Մենք հաստատակամորեն հետամուտ ենք լինելու մեր պահանջներին, և հաջորդիվ սպասվում են նոր պաշտոնյաների մերկացումներ»:

Ջավախքահայ մտավորականների հայտարարության տեքստի տակ կոնկրետ անուն ազգանուններ չկան, վերջիններս խուսափում են հրապարակել իրենց անունները՝ հնարավոր հետապնդումներից խուսափելու նպատակով:

Փորձեցինք ճշտել թե ով են հայտարարության հեղինակները, սակայն ապարդյուն: Ջավախքի մտավորականների միության նախագահ Ազատ Շիպակցյանը ասում է, որ նման հայտարարության մասին չի լսել և, որ միությունը կապ չունի այս նամակի հետ: Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդում ևս հայտարարության մասին տեղյակ չէին:

jnews.ge լրատվականը կապ հաստատեց Վրաստանում Հայաստանի Դեսպանատան հետ: Վերջիններս մեզանից տեղեկացան հայտարարության մասին:

«Ձեր զանգից հետո կարդացինք հայտարարությունը: Դեսպանությունը չի կարող արձագանքել կամ մեկնաբանել անդեմ ու անանուն հայտարարության», – մեզ հետ հեռախոսազրույցում ասաց դեսպանի անմիջական օգնական Անի Հայրապետյանը:

Նշենք, որ Յուրի Վարդանյանը դեսպան է նշանակվել երկու տարի առաջ: Այդ ընթացքում վերջինս ընդամենը մի անգամ է եղել Ջավախքում, 2014 թ.-ի դեկտեմբերի 4-ին, այցը կրում էր ճանաչողական բնույթ:

Աղունիկ Այվազյան