«Քաղաքականությունը կնոջ գործ չէ»՝ այսպես են մտածում Ջավախքի բազում բնակիչներ՝ անկախ սեռից: Դեռ մի քանի տարի առաջ կարելի էր համաձայնվել այս կարծիքի հետ, սակայն ժամանակները փոխվում են, առաջնահերթությունները՝ նույնպես: Ջավախքում նույնպես փորձում են փոխել առաջնահերթությունները, բայց դրանք հաճախ դժվար է շոշափել:

«Քաղաքականությունում կանանց համար տեղ չկա»՝ Ջավախքում սեռերի նման տարանջատում գրեթե ամենուրեք է, բայց վերջին շրջանում գենդերային համոզմունք կոչված բլրակը սկսել է քանդվել: Չնայած փոփոխությունները չեն վերաբերել Վրաստանի խորհրդարանին:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 90-ականներից Վրաստանի անկախության ձեռքբերումից ցայսօր, Ջավախքի բոլոր ընտրված պատգամավորները տղամարդիկ են եղել:

Այս տարվա խորհրդարանական ընտրությունները բացառություն չէին: Հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների արդյունքում, ինչպես և նախկինում, իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից Վրաստանի խորհրդարանում Ջավախքից կհայտնվեն երկու տղամարդիկ:

IRI-ի ծրագրերի ավագ պատասխանատու Նինո Դոլիձեն խոսում է այն պատճառների մասին, թե ինչու է Վրաստանում հիմնականում այդպես լինում:

Ըստ Նինո Դոլիձեի, Վրաստանում կա կարծիք, որ հասարակությունն ու միջավայրը չեն համապատասխանում կանանց մասնակցությանը քաղաքականությունում, և կանանց քաղաքական ճանապարհին լինում են հսկայական ճնշումներ նրանց վրա:

«Ես ուզում եմ շեշտադրումը կատարել այն բանի վրա, թե ինչ են մտածում քաղաքական կուսակցությունները և ինչպես են վերաբերում քաղաքականությունում կանանց մասնակցությանը: Քաղաքական կուսակցություններում կանանց ներկայության հետ կապված խնդիրներ չկան, կուսակցություններում կանայք մոտ 30%-ն են ներկայացնում, բայց երբ սկսում են կազմել ընտրական ցուցակները, լինի դա օրենսդիր մարմնի թե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, այդ ժամանակ կանայք այլևս չեն ընդգրկված այդ ցուցակներում, ինչը կարող է պատճառ հանդիսանալ… Ըստ իս, սա տեղի է ունենում այն պատճառով, որ քաղաքական կուսակցությունների առաջնորդները հիմնականում տղամարդիկ են, և նրանք ընդգրկում են նրանց, ում ավելի շատ են վստահում: Նրանք ցանկություն չունեն ցուցակներում տղամարդկանց հետ միասին ընդգրկել նաև կանանց», – ասում է Նինոն:

Նրա կարծիքով` երկրորդ գործոնն այն է, որ կանայք չունեն այնքան հնարավորություններ, որքան տղամարդիկ, այդ թվում և ֆինանսական:

«Երկրորդ գործոնը հանդիսանում է այն, որ կանայք այդքան գումար չունեն: Այս գործոնը շատ կարևոր է վրացական քաղաքականության համար, հատկապես մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ ընտրելու ժամանակ, քանի որ հենց հարուստ թեկնածուներն են մեծ գումարներ ներդնում, թեկնածուներն իրենք են ֆինանսավորում քարոզարշավի կես ծախսը, իսկ կանայք այդպիսի գումարներ չունեն, ոչ էլ ժամանակ ու ռեսուրսներ: Ահա թե ինչու են կանայք ավելի քիչ գրավիչ համարվում կուսակցության համար», – ասում է Նինո Դոլիձեն:

Ջավախքում արդյո՞ք կանանց կընտրեն որպես թեկնածուներ. Բնակչության կարծիքը

-Եթե նա լավ դիվանագետ է, լավ քաղաքական գործիչ է, ապա ինչու ոչ:

-Երբեմն կանանց նույնիսկ չեն թողնում դուրս գալ տնից, հետևաբար թեկնածություն դնելու մասին խոսելն ավելորդ է:

-Կանայք այս առումով այդքան էլ ակտիվ չեն:

Մինչև 30 տարեկան երիտասարդ ակտիվիստների երկխոսությունը

– Ես անձամբ կարծում եմ, որ կանայք ժամանակ չունեն, իսկ ընդհանրապես, ինձ համար ոչ մի տարբերություն չկա: Եթե ես արհեստավարժ լինեի և իմանայի, թե ինչպես անել այդ գործը, այո, ես իմ ձայնը կտայի նրա համար, ես տարբերություն չեմ տեսնում: Բայց կա նաև այն հանգամանքը, որ Ախալքալաքում կանայք դուրս չեն գալիս տնից և նախընտրում են մնալ տանը: Նման բան կա:

Թարգմանիչ, 45 տարեկան

– Այո, ես կքվեարկեի կնոջ օգտին: Չգիտեմ ինչու կանայք չեն մասնակցում:

– Կարծում եմ, որ Ախալքալաքի մեր ավանդույթներով դա ընդունելի չէ, որ նա մասնակցի նման գործերի: Մեր մտածելակերպը թույլ չի տալիս: Նախ՝ ընտանիքի անդամները, շատերին նույնիսկ ամուսինները թույլ չեն տալիս աշխատել, թեկնածություն առաջադրելու մասին խոսելն ավելորդ է: Բայց եթե լավ թեկնածու լինի, ես կքվեարկեի նրա օգտին, ինչու չէ:

-Ես նույնպես ձայսն կտայի կնոջ օգտին:

28-34 տարեկան տնային տնտեսուհիների երկխոսությունը

 

Անտեսանելի, հայուհի թեկնածուները

 

Վրաստանի հայ կանայք քաղաքական առումով պասիվ են՝ հասարակության մեջ կանանց դերի հայրապետական մոտեցման պատճառով: Չնայած դրան, այս տարի տարբեր կուսակցությունների համամասնական ընտրացուցակներում առաջադրված հայազգի 62 թեկնածուներից 30-ը կին էին: 30 կին թեկնածուներից և ոչ ոք չէր ներառվել համամասնական ցուցակների լավագույն քսանյակում, ինչը, ի դեպ, ցույց է տալիս, որ ցուցակներում ընդգրկված կանայք պարզապես շինծու բնույթ են կրում:

Copy: Women in politics
Infogram

Ըստ Նինո Դոլիձեի, Վրաստանի նոր գումարման խորհրդարանում կլինեն մոտ 28 կին պատգամավորներ՝ սա մոտ 19%-ն է կազմում, մինչ այդ էլ ավելի քիչ կին պատգամավորներ կային՝ մոտ 16%, բայց ըստ նրա, այդ 16%-ում ընդգրկված չէին էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ կանայք:

«Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ կանանց մասնակցությունը դեռևս խնդիր է մնում: Նրանք առաջին հերթին ընկալվում են որպես էթնիկ փոքրամասնություն, ապա միայն հետո որպես կին: Ես փնտրում էի կին մեծամասնական թեկնածուների ինչպես Ջավախքում, այնպես էլ Քվեմո-Քարթլիում: Թեկնածուները բոլորը տղամարդիկ էին: Կան մշակութային և կրոնական ավանդույթներ, հատկապես այն շրջաններում, որտեղ կոմպակտ են ապրում ադրբեջանցիները, որտեղ կանայք ոչ միայն չեն կարող դառնալ թեկնածու, այլև նույնիսկ չեն կարող ընտրել: Դրան հազվադեպ ենք հանդիպում հայերի շրջանում», – ասում է IRI ծրագրային ավագ աշխատակից Նինո Դոլիձեն:

Անակնկալ ընտրությունների օրը

Byuleteni

Նախընտրական քարոզչության ընթացքում ԶԼՄ-ները և բնակչությունը հետզհետե տեղեկանում էին, թե ովքեր են առաջադրել իրենց թեկնածությունը, քանի որ Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետներում ընտրողների ուշադրությունը գրավեցին թեկնածուների պաստառներն ու ընտրավահանակները: Իրականում նրանք հարցազրույցներ էին տալիս և հանդիպում բնակչության հետ:

Ընտրությունների օրը, սակայն, ջավախքցի ընտրողին անակնկալ էր սպասվում: Մեծամասնական քվեաթերթիկներում կային եւս չորս հոգի, նրանցից երկուսը կին էին: Թեկնածուներից մեկը Թբիլիսիից էր, չնայած նրան առաջադրել էին Ջավախքից: Էլզա Գրիգորյանը ընտրություններին ներկայացնում էր մի կուսակցության կազմում, որի մասին փաստացի ոչինչ հայտնի չէ տարածաշրջանում: Այդ կուսակցությունը կոչվում է «Փոխիր Վրաստանը»: Մենք փորձեցինք կապ հաստատել կուսակցության հետ՝ կապ հաստատելով այն հեռախոսահամարով, որը նշված է ֆեյսբուքյան էջում, նրանք մեզ խոստացան գրել թեկնածուի կոնտակտային տվյալները, սակայն մինչ օրս ոչ մի տեղեկություն չկա:

Մեկ այլ թեկնածուին՝ Դիանա Հարությունյան-Վարդանյանին, մեզ հաջողվեց գտնել: Նա ընտրություններում ներկայացնում էր «Բեժան Գունավա. Քաղաքական ընտրություն» կուսակցությունը:

Դիանա Վարդանյան-Հարությունյանը սկզբում մտածում էր, որ ինքը կլինի համամասնական ցուցակներում, նա մինչ վերջին շաբաթը չէր հավատում, որ ընդգրկված է մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների ցուցակում, կարծում էր, որ դա կատակ է:

«Երբ սկսվեցին այս ընտրությունները, նախընտրական գործընթացը, ինձ Գերմանիայից զանգահարեց Գոգա Ժվանիան և ասաց, որ Բեժան Գունավան կկապվի ինձ հետ և կբացատրի ամեն ինչ: Պարզվեց, որ ես նրանց պետք էի ընտրությունների ժամանակ ընկերների և հարազատների ձայները հավաքելու համար: Ես համաձայնեցի, բայց ես այն ժամանակ չգիտեի, որ խոսքը իմ մեծամասնական թեկնածու դառնալու մասին է: Ես այդ մասին իմացա ընտրություններից մեկ շաբաթ առաջ: Ես պատրաստ չէի դրան և չգիտեի, թե ինչպես սկսել այս գործընթացը, հետաքրքիր էր` արդյոք ձայներ կհավաքեի», – ասում է Դիանա Հարությունյանը:

Դիանայի խոսքով՝ դժվարություններ կան, բայց ամեն ինչ հաղթահարելի է:

«Գիտեք ինչումն է դժվարությունը, դու կին ես, երկրորդը կյանքում առաջին անգամ ձայներ ես հավաքում, խոսում մարդկանց հետ, այդ մարդկանց հույս տալիս: Մարդիկ այսօր հոգեբանական աջակցության կարիք ունեն: Հիմա այլ ժամանակներ են, և նշանակություն չունի՝ թեկնածուն կին է, թե տղամարդ: Եթե մարդը մարդուն հասկանում է, այն մարդուն ով կանգնած է իր առջև, ով դժվարության մեջ է, հոգեբանորեն ճնշված է, նրանց պետք է հասկանալ, լսել և չդատապարտել, այդ ժամանակ տվյալ մարդիկ քո հետ կլինեն և կքվեարկեն քո օգտին», – ասում է Դիանա Վարդանյան-Հարությունյանը:

Ջավախքում Դիանա Վարդանյան-Հարությունյանն ընտրությունների ընթացքում հավաքել է 108 ձայն, իսկ Էլզա Գրիգորյանը՝ 45 ձայն:

Vo vremya viborov

Լուսանկարն արվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղում՝ ընտրությունների ժամանակ:

Դեռևս մի քանի տարի առաջ անհնար էր պատկերացնել, որ Նինոծմինդան կունենար կին քաղաքապետ, իսկ Ախալքալաքում կլինեին կին պատգամավորներ: Այնուամենայնիվ, դրանք ընդամենը չնչին քայլեր են՝ որոշակի գործոնների ճնշման տակ արված:

«Եթե անկախություն ձեռք բերելուց հետո վերանայեք Վրաստանի պատմությունը, ապա այդ մոտեցումը դանդաղորեն փոխվում է, դա պայմանավորված է ոչ թե քաղաքական կուսակցությունների ցանկությամբ, այլ նրանով, որ դա ցանկանում են միջազգային հանրությունը, տեղական հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական ակտիվիստները, որոնք դրան ուշադրություն են դարձնում: Հետևաբար, քաղաքական կուսակցությունները ստիպված են ավելի շատ ուշադրություն հատկացնել այս հարցին», – ասում է Նինո Դոլիձեն:

Ինչպիսի՞ն կլինի քաղաքական իրավիճակը և արդյո՞ք ավելի շատ կին քաղաքական առաջնորդներ ի հայտ կգան, երբ Վրաստանն ամբողջությամբ կանցնի համամասնական ընտրակարգին՝ դեռևս հարցականի տակ է մնում, ինչպես և ազգային փոքրամասնությունների ընդգրկումը համամասնական ընտրացուցակներում:

Քրիստինե Մարաբյան