Ախալքալաքի մունիցիպալիտետի 2021 թվականի բյուջեի նախագիծն արդեն պատրաստ է, Շրջանային ժողովում ընթանում են քննարկումներ: Պատգամավորներն այսօր նախագիծը հետ են ուղարկել, քանի որ բյուջեում երեխաներին մանկապարտեզներ տեղափոխելու համար միջոցներ չեն հատկացվել:

Մունիցիպալիտետի 2021 թվականի բյուջեն կազմում է 9 257 600 լարի:

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորները նիստի ժամանակ, այլ հարցերի հետ միասին, քննարկել են նաև 2021 թ-ի բյուջեն: Նրանք բյուջեի նախագիծը վերադարձրել են քաղաքապետարան և առաջարկել դրանում ներառել նախադպրոցական տարիքի երեխաներին մանկապարտեզ տեղափոխման համար նախատեսված ծախսերը:

Ըստ Ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի նախագահ Սեդա Մելքումյանի, մանկապարտեզներն այժմ չեն գործում, բայց հաջորդ տարի դրանք միևնույն է կսկսեն աշխատել:

«Վերջիվերջո, համավարակը կավարտվի, և երեխաները կհաճախեն մանկապարտեզներ, մենք միևնույն է պետք է բյուջեում միջոցներ ունենանք այդ նպատակի համար», – ասաց Սեդա Մելքումյանը:

Ախալքալաքի 2021 թվականի բյուջեի նախագծի մասին JNEWS-ը կներկայացնի առանձին մանրամասն նյութ: