Չնայած Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման ազգային հանձնաժողովի (GNERC), կոմունալ ծառայությունների վճարման, էլեկտրոնային կտրոնների պարտադիր օգտագործման մասին որոշմանը, Ախալքալաքի մունիցիպալիտետում օգտատերերը գազի և ջրի սպառման մասին ծանուցումները կստանան հին ձևով` թղթե կտրոններով:

Ջավախքի «SJGC» գազաբաշխիչ ընկերության տեղեկատվության համաձայն, դեկտեմբերին օգտատերերը կտրոնները կստանան հին եղանակով, այսինքն՝ կտրոնները օգտատերերին կբաժանեն տեսուչները:

«Այս ամիս բաժանորդները կտրոնները կստանան այնպես, ինչպես ստանում էին, էլեկտրոնային տարբերակը դեռ պատրաստ չէ, ծրագիրը չեն հասցրել պատրաստել, մենք դրա վրա աշխատում ենք: Դեռ անորոշ է, թե երբ կանցնենք այդ ծրագրին: Մենք ծրագիրը պիտի գնենք», – ասացին Ջավախքի SJGC գազաբաշխիչ ընկերությունից:

Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սերվիս կենտրոնից ասացին նաև, որ օգտատերերը ծախսերի մասին ծանուցումը կստանան հին եղանակով՝ թղթե կտրոններով:

«Ես ոչինչ չեմ կարող ասել, մենք նման հրաման չենք ստացել», – ասաց Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սերվիս կենտրոնի տնօրենը:

Հիշեցնենք, որ Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման ազգային հանձնաժողովը (GNERC), կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, որոշում է կայացրել, կոմունալ վճարումների համար պարտադիր օգտագործել էլեկտրոնային կտրոններ:

Դեկտեմբերի 15-ից էլեկտրաէներգիա, բնական գազ և խմելու ջուր սպառողները կոմունալ ծառայությունների ծախսերի վճարման համար պիտի ստանան էլեկտրոնային կտրոններ, կոմունալ ծառայությունը մատուցող ընկերությունում գրանցված բջջային հեռախոսահամարին SMS կարճ տեքստային հաղորդագրության միջոցով: