Վրաստանում դաշտային հիվանդանոցներ բացելու հարցը չի քննարկվում: Այս մասին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:

«Վրաստանում, այսպես կոչված դաշտային հիվանդանոցները բացելու հարցը չի քննարկվում, քանի որ մենք ունենք շատ երկրների օրինակներ, որտեղ մինչ օրս մոբիլիզացված են նման վրանային հիվանդանոցներ, և չնայած համարվում է, որ այդ երկրներն անցել են երկրորդ ալիքի գագաթնակետը, նրանք այդտեղ ոչ մեկին ծառայություններ չեն մատուցել», – ասել է Տիկարաձեն:

Նախարարի խոսքով, Վրաստանում լրացուցիչ տեղեր են հատկացվել կովիդով վարակվածներին տեղավորելու համար, հիմնականում հիվանդանոցների բազայում, ինչպես նաև այն հյուրանոցներում, որտեղ գործում է բժշկական վերահսկողության լիարժեք ծառայություն, ինչպես նաև կա հիվանդներին թթվածնով ապահովման ծառայություն:

«Այս պահի դրությամբ, Վրաստանն ունի բավարար ռեսուրսներ, որպեսզի մեր պացիենտները կարողանան որոշակի ժամանակահատվածում բուժումն անցնել բժշկի հսկողության ներքո՝ ավելի հարմարավետ պայմաններում, եթե մենք, հետևելով բոլոր չափանիշներին, ճիշտ և ժամանակին կառավարենք բուժառուների հոսքը», – հայտնել է Առողջապահության նախարարը:

Վրաստանն ապրում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը: Կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը հայտնաբերվել էր փետրվարի 26-ին: Այդ ժամանակից ի վեր գրանցվել է վարակման ավելի քան 100 հազար դեպք, մահացել է ավելի քան 1000 մարդ:

Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Վրաստանի կլինիկաների ասոցիացիան դիմել էր կառավարությանը՝ կորոնավիրուսի դեմ կարգավորումների հետ կապված եւ հայտնել, որ խոշոր կլինիկաների մոտակայքում հարկ է բացել դաշտային հիվանդանոց-վրաններ՝ 100, 300, 500 բուժառուի համար նախատեսված, որոնք պետք է հագեցած լինեն համապատասխան սարքավորումներով: