Փետրվարի 17-ին Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի սաները և մանկավարժական անձնակազմը իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Մեսրոպ Մաշտոցի հիշատակին:

440թ.-ի փետրվարի 17-ին մահացել է Մեծն Մեսրոպ Մաշտոցը: Ամեն տարի այդ օրը աշխարհի հայերը իրենց հարգանքի տուրքն են մատուցում հայոց առաջին ուսուցչին: Ախալքալաքում Մեսրոպ Մաշտոցի հուշարձանի մոտ մարդիկ հավաքվեցին ծաղիկներով:

Ներկաներին ողջունեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տեր Տաթև Մարուքյանը, ով ասաց, որ մենք բոլորս էլ Մեսրոպ Մաշտոցի մասին առաջինը, որ իմանում ենք այն է, որ նա մեր հայերենի առաջին ուսուցիչն է, սակայն չմոռանանք, որ նա եղել է նաև հոգևորական և նպաստել է քրիստոնեության տարածմանը Հայաստանում:

Երեխաները Մեսրոպ Մաշտոցի մասին պատմեցին այն, ինչ գիտեին, իսկ նրանց բացը լրացրեց պատմության ուսուցիչ Վաչագան Ռստակյանը. ասելով՝ «Մեսրոպ Մաշտոցը՝ ազնվական Վարդանի որդին էր։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետել է հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Ունեցել է աշակերտներ, որոնք հետո դարձել են նրա օգնականները լուսավորչական գործունեության ասպարեզում։ Այս շրջանում մտադրվել է ստեղծել հայկական գրեր՝ Աստվածաշունչը թարգմանելու համար»:

Կարճատև միջոցառումից հետո ներկաները հեռացան, իսկ հուշարձանի մոտ մնացին նրանց հարգանքը խորհրդանշող ծաղիկները:

Ջուլիետա Տոնականյան