Վրաստանի կլինիկաների ասոցիացիան դիմում է կառավարությանը՝ կորոնավիրուսի դեմ կարգավորումների հետ կապված եւ հայտնում, որ խոշոր կլինիկաների մոտակայքում հարկ է բացել դաշտային հիվանդանոց-վրաններ՝ 100, 300, 500 բուժառուի համար նախատեսված, որոնք պետք է հագեցած լինեն համապատասխան սարքավորումներով:

Բացատրվում է, որ առողջապահության համակարգում կորոնավիրուսի դեմ պայքարի սուր փուլում հայտնաբերվել են մի շարք թերություններ և բացեր: Ինչպես հայտնում են ասոցիացիայից, կենսականորեն կարևոր է համակարգը համալրել բարձր որակավորում ունեցող կադրերով, որոնք ընտրված են միայն մասնագիտական հիմունքներով, որոնք առկա են ակադեմիական շրջանակներում:

«Միևնույն ժամանակ, խորհուրդ է տրվում չամաչել և, անհրաժեշտության դեպքում, արտերկրից հրավիրել մեր հայրենակիցներին, ովքեր բավարար որակավորում են կուտակել կորոնավիրուսի դեմ պայքարում, կլինիկական կառավարման և առողջապահական համակարգի կառավարման ոլորտում:

Անչափ կարևոր է, որ ռազմա-բժշկական ծառայությունը օգնություն ցուցաբերի քաղաքացիական առողջապահական հատվածին: Խորհուրդ է տրվում ինչպես Արևմտյան, այնպես էլ Արևելյան Վրաստանի խոշոր կլինիկաների մոտակայքում անհապաղ բացել ռազմական դաշտային հիվանդանոցներ, վրաններ՝ 100, 300, 500 հիվանդատեղերով` հագեցած համապատասխան սարքերով, ապարատներով, ջեռուցման և օդորակման համակարգերով:

Ռազմական բժիշկները, բուժքույրերը և սանիտարները պետք է ակտիվորեն ներգրավվեն վիրուսի դեմ պայքարում: Կորոնավիրուսի դեմ պայքարը բարելավելու համար անհրաժեշտ է խստացնել կանոնակարգերը, բայց ոչ թե արգելափակումը (լոքդաուն): Վրաստանի տնտեսությունն ու սոցիալական ոլորտը չեն դիմանա ամբողջական սահմանափակումներին: Աշխատատեղերը պահպանելը կենսական նշանակություն ունի: Հաշվի առնելով դա, առաջարկվում է՝ խոցելի խմբերի համար կրկին գործարկել «տանը մնալ» սկզբունքը, սահմանափակել կենսաթոշակային տարիքի մարդկանց տեղաշարժը հասարակական վայրերում, քանի որ նրանց շրջանում հաճախակի են քրոնիկ հիվանդությունները:

Հասարակական տրանսպորտում՝ երթուղային տաքսիներում, ավտոբուսներում և մետրոյում ուղևորների թիվը սահմանափակելու համար խորհուրդ է տրվում տեղաշարժվել միայն նստած վիճակում՝ պահպանելով հեռավորությունը: Խորհուրդ չի տրվում տրանսպորտում գտնվել կանգնած վիճակում, քանի որ վիրուսին բնորոշ է «նստելու» հատկությունը և դա կարող է հեշտությամբ վտանգել նստած ուղևորին:

Թույլատրել մանրածախ օբյեկտներին շարունակել իրենց աշխատանքը՝ պահպանելով հեռավորությունը, խորհուրդ է տրվում, որ միասին 10 քառակուսի մետր տարածքում ընդամենը 4 մարդ գտնվի: Ցանկացած սննդի կետի խորհուրդ է տրվում աշխատել բաց տարածությունում և սեղանների միջև պահպանել առնվազն 4 մետր հեռավորություն:

Գեղեցկության սրահներում խորհուրդ է տրվում պահպանել աթոռների միջև հեռավորություն, օգտագործել միանգամյա օգտագործման գոգնոցներ և յուրաքանչյուր ծառայությունից հետո ախտահանել վարսավիրի գործիքները ախտահանիչ լուծույթով:

Ատամնաբուժարանների անվտանգ աշխատանքի համար խորհուրդ է տրվում, որ բոլոր հիվանդները, նախքան ատամնաբուժական օգնություն ստանալը, արագ հետազոտություն անցնեն՝ հիմնվելով կորոնավիրուսի հակամարմինների վրա, որի դեպքում պատասխանը հայտնի կդառնա 10-15 րոպեի ընթացքում», – ասվում է Վրաստանի կլինիկաների ասոցիացիայի հայտարարության մեջ: