Քաղաքացիական հանրության ներկայացուցիչները խոստանում են նյութական օգնություն ցուցաբերել Վրաստանի իշխանություններին մի շարք սոցիալական պահանջներ ներկայացրած, պատանդներ վերցրած Թբիլիսիի 31-ամյա բնակիչ Լեւան Զուրաբիշվիլիի մորը:

73-ամյա Լամարա Թերելաձեն նախկին մանկավարժ է: «Ֆորմուլա» հեռուստաալիքին տված հարցազրույցում կինը նշել է, որ ինքը և իր որդին օգնության կարիք ունեն: Ընտանիքը հազիվ է կարողանում ծայրը ծայրին հասցնել, երբեմն նույնիսկ ամենաանհրաժեշտ դեղամիջոցների համար գումար չի լինում: Զուրաբիշվիլին աշխատում է որպես հյուսն: Նրա ամբողջ եկամուտը, ինչպես և մոր կենսաթոշակը, ծախսվում է վարկերը մարելու համար, որոնք կուտակվել են հոր երկարատև հիվանդության ընթացքում:

Թերելաձեն ներողություն է խնդրել այն մարդկանցից, որոնց որդին պատանդ էր վերցրել, և ընդհանրապես՝ հասարակությունից: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ չի փորձում արդարացնել իր արարքը: Կինը կարծում է, որ հենց կարիքավորությունն էր, որ որդուն հասցրեց ծայրահեղության:

«Ես ոչ մի կերպ չեմ արդարացնում նրա արարքը: Նա ներխուժել է պետհաստատություն և վախեցրել մարդկանց: Ես ամոթ եմ զգում այս մարդկանց առաջ… ինձ դեղորայք է հարկավոր: Գիտե՞ք ինչպես են թանկացել դեղերի գները: Նա նյարդային է և ուրիշ ոչ ոք չունի», – ասում է Թերելաձեն:

Այս հարցազրույցը անտարբեր չթողեց վրացի հեռուստադիտողներին և սոցիալական ցանցերի օգտատերերին: Վրաստանի Ազգային խորհրդարանական գրադարանի տնօրեն, գրող Գիորգի Կեկելիձեն հայտարարել է, որ Նոր տարվա նախաշեմին ինքն օգնություն կցուցաբերի կնոջը «Գուրիական օրագրեր» կրթական հիմնադրամից:

«Նման մայրերը չպետք է տառապեն իրենց երեխաների սխալների կամ հանցագործությունների պատճառով: Իրականում սա մանրուք է, բայց Ամանորի նախաջեմին «Գուրիական օրագրեր» հիմնադրամում մենք պատրաստել էինք փոքրիկ ֆինանսական օգնություն ցանկացած կարիքավոր մանկավարժի համար», – գրել է Կեկելիձեն իր ֆեյսբուքյան էջում:

Սահմանադրագետ Վախուշտի Մենաբդեն հանդես է եկել նախաձեռնությամբ՝ սկսելու միջոցներ հավաքել Լամարա Թերելաձեի համար: Իր ֆեյսբուքյան էջում նա տեղադրել է բանկային հաշվեհամարի մանրամասները յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է միանալ իր նախաձեռնությանը:

Այս թեմայով. «Այսպես է սկսվում ահաբեկչությունը»՝ Մարդու իրավունքների պաշտպանը հորդորել է Թբիլիսիում պատանդ վերցնելը չռոմանտիկացնել:

Նա նախատել է Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիային՝ նշելով, որ բարոյալքված մարդուն աջակցելը ոչ մի կապ չունի ահաբեկչությունը ռոմանտիկացնելու հետ: Մինչդեռ, ըստ Մենաբդեի, տարեց կինը չպետք է մենակ մնա «շահագործող և անտեսող համակարգի» հետ:

«Շատերը ցանկանում են օգնել տարեց կնոջը և նրա որդուն, կամ գուցե իրենց սեփական ֆինանսական վիճակը նրանց թույլ չի տալիս գումար փոխանցել, բայց նրանք ուզում են իրենց ներդրումն ունենալ՝ հաշվեհամարը տարածելով, տեղեկատվությամբ կիսվելով, բայց բարոյական ճնշման պատճառով նրանք ձեռնպահ են մնում դրանից», – գրել է նա:

Նոյեմբերի 20-ի ցերեկը, Թբիլիսիի կենտրոնում, Զուրաբիշվիլին ներխուժել էր միկրոֆինանսական կազմակերպություն: Սպառնալով հրազենի գործադրմամբ՝ նա պատանդ էր վերցրել 19 մարդու: Երիտասարդը Վրաստանի խորհրդարանից պահանջել էր, որպեսզի այն օրենք ընդունի ազարտային խաղերի վերացման մասին, բանկային վարկերի տոկոսադրույքը իջեցնի 7%-ի, ինչպես նաև ապահովի դեղորայքի գների իջեցումը:

Երեք ժամ տևած բանակցություններից հետո Զուրաբիշվիլին ազատ էր արձակել բոլոր պատանդներին և հանձնվել ոստիկանությանը: Բալիստիկ փորձաքննությունից հետո պարզվել է, որ նա մեկնարկային ատրճանակով և կրակայրիչ-նռնակով ներխուժել է «MBC»-ի գրասենյակ:

Այսօր Վրաստանի դատախազությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել ձերբակալվածին: Նա մեղադրվում է «երկու կամ ավելի անձանց պատանդ վերցնելու» մեջ: Մեղադրյալին սպառնում է 9-ից 14 տարվա ազատազրկում:

Դատախազությունն արդեն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին: