Վրաստանի դատախազությունը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Թբիլիսիի 31-ամյա բնակիչ Լեւան Զուրաբիշվիլիին, ով ձերբակալվել էր միկրոֆինանսական կազմակերպության վրա հարձակման գործի առթիվ: Այս մասին ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Վրաստանի ՆԳՆ-ի կողմից իրականացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 20-ին, ժամը 16:30-ի սահմաններում, Զուրաբիշվիլին ներխուժել է Ծերեթելիի պողոտայում գտնվող «MBC»-ի գրասենյակ և պատանդ վերցրել 19 մարդու: Դրա հետ մեկտեղ, նա հնչեցրել է մի շարք պահանջներ: Միաժամանակ հարձակվողը սպառնացել է օգտագործել հրազեն եւ նռնակի տեսք ունեցող առարկա:

Զուրաբիշվիլին մեղադրվում է «երկու կամ ավելի անձանց պատանդ վերցնելու համար» (Վրաստանի ՔՕ 144-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով): Այս հանցագործությունը պատժվում է 9-14 տարի ժամկետով ազատազրկմամբ:

Մինչ այժմ ՆԳՆ-ն գործը որակել էր երկու հոդվածներով, որոնցից մեկը «ապօրինի կերպով զենք-զինամթերք պահել և կրելն է» (Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը):

Ելնելով այս ամենից, բալիստիկ փորձաքննությունից հետո ձեւակերպումը փոխվել է: Զուրաբիշվիլիի փաստաբանները պնդում են, որ տղամարդը մեկնարկային ատրճանակով և կրակայրիչ-նռնակով ներխուժել է «MBC»-ի գրասենյակ:

«Այս գործով իրականացվել են մի շարք քննչական և ընթացակարգային գործողություններ: Տվյալ գործով մեղադրյալի պահվածքի հետ կապված՝ նշանակվել է նաև հոգեբուժական փորձաքննություն, որը կուսումնասիրի հանցագործության պահին նրա հոգեվիճակը», – ասվում է դատախազի հայտարարության մեջ:

Մեղադրական կողմն արդեն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ որպես խափանման միջոց կալանք ընտրելու մասին: Փաստաբանները հետաքննության ընթացքում մտադիր են Զուրաբիշվիլիի ազատ արձակելուն հասնել: Նրանց խոսքով, մեղադրյալն իր գործողությունները դիտարկում է որպես սոցիալական մանիֆեստի արտահայտում: Նրանք նշում են, որ Զուրաբիշվիլիի նպատակը «MBC»-ն թալանելը չէր:

Հարձակման ընթացքում Զուրաբիշվիլին բարձրաձայնել է մի շարք սոցիալական և քաղաքական պահանջների մասին՝ մոլեխաղերի չեղարկում, բանկային վարկերի տոկոսադրույքների իջեցումը մինչև 7%, դեղերի գների իջեցում: Միևնույն ժամանակ, նա պնդում էր, որ Վրաստանի խորհրդարանը հանդիպի և իրականացնի բոլոր համապատասխան օրենսդրական փոփոխությունները:

Զուրաբիշվիլու հետ երեք ժամ տեւած բանակցությունների արդյունքում ոստիկանությանը հաջողվեց ազատ արձակել բոլոր պատանդներին, իսկ Զուրաբիշվիլին հանձնվեց: Հատուկ գործողության ընթացքում ոչ ոք չէր տուժել: