Հայաստանի Ֆրանսիական Համալսարան Հիմնադրամը (ՀՖՀՀ) Ջավախքում սկսում է ընդունելության նախապատրաստական դասընթացների կազմակերպման ծրագիր։

Այս մասին հայտնեցին փետրվարի 17–ին ՋԱՀ-ի վրաստանյան ներկայացուցչության գրասենյակում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Ասուլիսին մասնակցեցին ՀՖՀՀ ռեկտոր Ժան Մարկ Լավեստը, արտաքին կապերի և որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը, վարչաֆինանսական տնօրեն Վաղարշակ Մեյրոյանը, ՋԱՀ գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը և գրասենյակի ղեկավար, իրավաբան Սամվել Մկոյանը։

ՀՖՀՀ ռեկտոր Ժան Մարկ Լավեստը մեզ հետ զրույցում ասաց՝
«Մենք Հայաստանում ներկայացնում ենք Ֆրանսիական համալսարանը, և մենք ունենք օտարերկրյա ուսանողներ՝ այդ թվում նաև Վրաստանից։ Վրացի գործընկերների հետ աշխատում ենք նաև եվրոպական ծրագրերի շրջանակում։ Նախագիծը կայանում է հետևյալում՝ մենք ուզում ենք այստեղ անցկացնել նախապատրաստական աշխատանքներ, որպեսզի ապագա դիմորդները պատրաստվեն համալսարանի ընդունելության մրցույթին»։

Ախալքալաքում, ի տարբերություն Երևանյան 10 ամսյա դասընթացներին, կլինի 3 ամսյա՝ ավելի խտացված դասաժամերով։ Ինչ վերաբերում է դասընթացի վարձավճարին, ապա Ախալքալաքում դիմորդների նախապատրաստման գործընթացը կարժենա 300 դոլար:

Ծրագրով նախատեսվում է Ջավախքում դիմորդներին նախապատրաստել ընդունելության քննություններին իրավունքի հիմունքներ, մաթեմատիկա, հայոց լեզու, անգլերեն, օտար լեզու առարկաների գծով։

«Բոլոր այն Դիմորդները և ավարտականները, ովքեր ցանկանում են ստանալ բաձրորակ կրթություն, կարող են գրանցվել, որից հետո մենք կանցկացնենք մի փոքր թեսթ ստուգելու համար դիմորդների մակարդակը», – ասաց ՀՖՀՀ ռեկտոր Ժան Մարկ Լավեստը։

Ծրագրի կարևոր կետերից մեկն այն է, որ եթե համալսարանը ունենա ջավախքցի ուսանողներ, ապա հատուկ նրանց համար կդասավանդեն նաև վրաց լեզու, որի իմացությունը Ջավախքում կարևորվում է։

Ջուլիետա Տոնականյան