«Միջազգային կանոնավոր օդային հաղորդակցության իրականացման սահմանափակումները երկարացվել են և ուժի մեջ կլինեն մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ», – ասվում է գործակալության հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, Գործակալությունը նշում է, որ կանոնավոր ավիահաղորդակցության սահմանափակումները չեն տարածվում Թբիլիսիի միջազգային օդանավակայանի և Մյունխենի, Փարիզի, Ռիգայի, Դոհայի, Վարշավայի, Աթենքի, Ամստերդամի, Վիեննայի, Բեռլինի և Միլանի օդանավակայանների միջև իրականացվող կամ նախատեսվող միջազգային ուղիղ ավիաչվերթների վրա:

Սահմանափակումները չեն տարածվում նաև Քութաիսիի միջազգային օդանավակայանի և Ռիգայի, Կատովիցեի, Վիլնյուսի և Դորտմունդի օդանավակայանների միջև կանոնավոր ավիաչվերթների վրա:

Մարտից ի վեր Վրաստանը դադարեցրել է կանոնավոր ավիաչվերթները բոլոր երկրների հետ՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով: Կառավարությունը սկզբում խոստացել էր վերսկսել միջազգային ճանապարհորդներին ընդունումը հուլիսի 1-ից, բայց հետո հայտարարվեց, որ աշխարհում բարդ համաճարակաբանական իրավիճակի պատճառով կանոնավոր միջազգային չվերթների վերսկսումը հետաձգվում է մինչև օգոստոսի 1-ը: Հետո այս ժամկետը երկարաձգվեց մինչև սեպտեմբերի 1-ը, այնուհետև մինչև հոկտեմբերի 1-ը, ապա նաև՝ նոյեմբերի 1-ը:

Ավիաչվերթները վերսկսելու հետաձգման պատճառը կառավարությունն անվանում է կորոնավիրուսի տարածման վտանգը և «քաղաքացիների առողջության համար հոգածությունը»:

Օգոստոսին վերսկսվել էին կանոնավոր ավիաչվերթները դեպի Մյունխեն, Փարիզ և Ռիգա: Հոկտեմբեր ամսվա սկզբին մատչելի գներ առաջարկող Wizzair ավիաընկերությունը վերսկսել էր կանոնավոր չվերթները Քութաիսիից դեպի Ռիգա, իսկ նոյեմբերից որոշում էր կայացվել վերսկսել կանոնավոր չվերթները դեպի եւս 12 քաղաքներ:

Այնուամենայնիվ, կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով և՛ վրացական, և՛ արտասահմանյան ավիաընկերությունները ստիպված էին որոշ ժամանակով հետաձգել կամ չեղարկել պլանավորված ավիաչվերթները:

Վրաստան մուտք գործելու կանոնները.

Վրաստանի կառավարությունը փոխել է պարտադիր կարանտին անցնելու կարգը, և այժմ որոշ օտարերկրացիներ և Վրաստանի քաղաքացիներ երկիր ժամանելուց հետո այլևս ավտոմատ կերպով չեն տեղակայվի հյուրանոցային կարանտինում:

Նոր կանոնների համաձայն` եվրոպական 13 երկրներից ժամանած Վրաստանի քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները ստիպված չեն լինի կարանտին անցնել երկիր հասնելուն պես, եթե ունենան կորոնավիրուսի PCR բացասական թեստի պատասխան, որը կատարվել է վերջին 72 ժամվա ընթացքում:

Խոսքը Իսպանիայից, Լյուքսեմբուրգից, Նիդեռլանդներից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Ռումինիայից, Հունաստանից, Շվեդիայից, Խորվաթիայից, Իտալիայից, Կիպրոսից, Սլովենիայից և Իսլանդիայից ժամանած անձանց մասին է:

Վրաստանի քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները, եթե ունեն կորոնավիրուսի թեստ, պետք է 8 օր մնան ինքնամեկուսացման մեջ: Եթե ​​թեստ չունեն, ապա ստիպված կլինեն ամբողջ ժամանակահատվածն անցկացնել հյուրանոցային կարանտինում:

Նույնը վերաբերում է վերոհիշյալ 13 երկրների քաղաքացիներին և որոնք այդ երկրներում բնակության թույլտվություն ունեն, բայց միայն այն դեպքում, եթե նրանք այդ երկրներից ժամանում են օդային ճանապարհով:

Օտարերկրյա ուսանողները կարանտին պետք է անցնեն նույնիսկ կորոնավիրուսի պարտադիր թեստավորման առկայության դեպքում: Միևնույն ժամանակ, իրենց կարանտինի համար պիտի վճարեն իրենք: