Ախալքալաքի մունիցիպալիտետում կապույտ այծառվույտի մշակումը, որը բոլորիս հայտնի է որպես սունելի, բախվում է անհաղթահարելի խնդրի՝ վնասատու միջատների հետ, որոնց դեմ մարդիկ չիմանալով ինչպես պայքարել, պարզապես դադարում են աճեցնել:

Սունելիի մշակմամբ Ախալքալաքի մունիցիպալիտետում զբաղվում են Կոկիո, Ալաստան, Գոման, Օլավերդ, Մերենիա, Կոչիո, Ագանա և այլ գյուղեր:

Ագանա գյուղից Արշալույս Գալստյանն ասում է, որ այս մշակաբույսն իրենց գյուղ է եկել օժիտի տեսքով, Գոման գյուղից մի աղջիկ ամուսնացել է Ագանա գյուղ և իր հետ բերել սունելիի աճեցման մշակույթը:

Արշալույս Գալստյանի խոսքով, նա 1985 թվականից զբաղվում է սունելիի աճեցմամբ ու վաճառքով: Ագանայում հայտնվել են վնասատու միջատներ, որոնք ազդում են սունելիի բերքատվության վրա, այն երեք անգամ նվազում է: Գյուղերը դադարում են սունելի աճեցնել, քանի որ չգիտեն, ինչպես պայքարել մակաբույծի դեմ:

«Գոման գյուղը ժամանակին ապրում էր սունելիի վաճառքով, հենց որ հայտնվեցին վնասատուները, նրանք դադարեցին աճեցնել: Գոմանում արդեն 7 տարի է դադարել են աճեցնել: Մեր գյուղում վնասատուները նոր են հայտնվել: Անցյալ տարի գրեթե ամբողջ գյուղը ցանել էր, իսկ այս տարի 5-6 ընտանիք: Եթե նորմալ բերք ստանային, ապա կշարունակեին աճեցնել», – ասում է Արշալույս Գալստյանը:

Նա պնդում է, որ վնասատու միջատների բազմացումը սունելիում կանխելու համար անհրաժեշտ է որդերի հետազոտման լաբորատորիա: Պետությունը պետք է պաշտպանի և օգնի ֆերմերին:

Սունելին օգտագործվում է նաև դեղագործական արդյունաբերության մեջ: Սունելիի մշակումը շատ աշխատատար է, ամբողջ գործընթացն իրականացվում է ձեռքով:

«Լավ բերք ստանալու համար հարկավոր է դաշտերը երեք անգամ լավ մաքրել մոլախոտերից, ապա ձեռքով հավաքել սունելին, չորացնել, ծեծելով մաքրել սերմերը և անցկացնել մաղով: Այս բույսը լրիվությամբ օգտագործվում է բացի արմատից, պարզապես սերմնահատիկը առաջին կարգի արտադրանք է, իսկ ցողուններն ու տերևները՝ երկրորդ կարգի», – բացատրում է Արշալույս Գալստյանը:

suneli2

Ինչպես պարզվում է, միջատներից բացի, ֆերմերները մեկ այլ խնդիր էլ ունեն: Նրանք չեն կարող իրացնել իրենց ապրանքը:

Արշալույս Գալստյանը ժամանակին ցանում էր 5 հար, հավաքում՝ 150 կգ, 1 հեկտարից նա հավաքում էր 30 ցենտներ սունելի, իսկ հիմա 1 հա-ից նույնիսկ 10 ցենտներ դուրս չի գալիս:

Սունելին սկսում են ցանել մարտին, իսկ բերքը հավաքում են օգոստոսին, չնայած, ըստ գյուղացիների, եթե եղանակային պայմանները բարենպաստ չեն, և սունելին չի հասցնում հասունանալ, այն հավաքում են նույնիսկ հոկտեմբերին:

Կար ժամանակ, երբ սունելին արժեր 18 լարի, ու այդ պատճառով բոլորը սկսեցին սունելի աճեցնել: Սակայն, հիմա սունելիի «գործը» լավ չի գնում: Արշալույս Գալստյանը պնդում է, որ ներկայումս Վրաստանում, համավարակի պատճառով, շատ քիչ սունելի է վաճառվում, քանի որ բոլոր ռեստորանները փակ են, և միջոցառումներ չեն անցկացվում:

«Ամենալավ տարիներին ես տարեկան վաճառում էի 100-ից 120 տոննա սունելի, իսկ այս տարի 25 տոննա եմ վաճառել: Եթե նախկինում ռեստորանը գնում էր 4-5 տոննա, ապա այժմ գնում է 500 կգ: Տասնապատիկ պակասել է», – ասում է Արշալույսը:

suneli1

Արշալույս Գալստյանը կարծում է, որ արտահանման հարցում ֆերմերներն ու գործարարներն ունեն պետության օգնության կարիքը: