Ախալքալաքի դպրոցները գործում են ճկուն ռեժիմով, կորոնավիրուս հայտնաբերելու դեպքում դպրոցներն անմիջապես անցնում են հեռավար դասառեժիմի: Քաղաքի թիվ 4 և Դիլիսկա գյուղի դպրոցներն այսօր վերսկսել են աշխատանքը շենքային պայմաններում: Քաղաքի թիվ 1 և թիվ 2 դպրոցները դեռ աշխատում են հեռավար:

Ախալքալաքի մունիցիպալիտետի կրթական ռեսուրս-կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանի խոսքով՝ որոշ դպրոցներ վերսկսել են իրենց աշխատանքը, իսկ որոշներն էլ շարունակում են աշխատել հեռավար ռեժիմով:

«Այսօրվա դրությամբ Ախալքալաքում 2 դպրոց՝ թիվ 1-ը և թիվ 2-ը, պաշտոնապես աշխատում են հեռավար դասառեժիմով», – ասում է նա:

Թիվ 4 (Դ. Դեմիրճյանի անվան) դպրոցը հեռավար դասառեժիմի էր անցել հոկտեմբերի 22-ին: Թիվ 3 հանրային դպրոցը (վրացական) կիսով չափ աշխատում է ստացիոնար, կիսով չափ՝ հեռավար: Առաջինից չորրորդ դասարանների աշակերտները հաճախում են դպրոց, 4-րդից բարձր դասարանների աշակերտները դասերն անցկացնում են հեռակա կարգով: Թիվ 2 հանրային դպրոցը (ռուսական) կվերսկսի իր աշխատանքը նոյեմբերի 25-ից, իսկ թիվ 1 (Թումանյանի անվան) դպրոցը՝ նոյեմբերի 19-ից: Գյուղերի դպրոցները շարունակում են աշխատել սովորական ռեժիմով: Թիվ 5 դպրոցը հոկտեմբերի 18-ից անցել էր հեռավար ռեժիմի, սակայն, նոյեմբերի 4-ից այն սկսել էր աշխատել սովորական ռեժիմով:

Հարցին, թե պասիվ հաճախականության դեպքում հնարավո՞ր է դպրոցներն անցնեն հեռավար ուսուցման, կրթական ռեսուրս- կենտրոնի ղեկավարը պատասխանեց, որ դա որոշում է Վրաստանի կրթության նախարարությունը, այս պահին նման հրահանգներ չկան:

Բրատիսլավ Իգիթխանյան