Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում ոչ բոլոր ֆերմերներն են լավ գազարի բերքի ստացել, ոմանց համար տարին բերքատու էր, ոմանց համար՝ ոչ, սակայն գազարի գնից դժգոհ են բոլորը:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Բեժանո գյուղը հայտնի է նրանով, որ այստեղ շատ են աճեցնում գազար։ Գազարի որոշ դաշտեր հասնում են 60-80 հարի:

Բեժանո գյուղից Գառնիկ Գրիգորյանը գոհ է գազարի բերքից, բայց դժգոհ է նրա գնից: Նա ասում է, որ գազարի աճեցումը մարդկային մեծ աշխատանք է պահանջում, և գինը չի համապատասխանում կատարված աշխատանքին: Գառնիկ Գրիգորյանն այս տարի 40 հար հողատարածքի վրա գազար է ցանել:

«1 կգ-ի գինը 50-55 թեթրի է, կարծում եմ, սա շատ քիչ է: Ճիշտ է, ես դաշտերը չէի պարարտացրել, բայց աճեցումը մեծ ջանք է պահանջում: Չնայած կան մարդիկ, ովքեր պարարտացրել են գազարի ցանքատարածությունները: Գնորդները գալիս են Քութաիսից և Բաթումից, բայց նրանք քիչ են տալիս, իսկ մենք ստիպված ենք վաճառել, ինչ անենք», – ասում է Գառնիկ Գրիգորյանը:

Բեժանո գյուղի մեկ այլ բնակիչն էլ ասում է, որ այս տարվա գազարի բերքը նախորդ տարվա համեմատ այդքան էլ լավ չէ: Ըստ նրա, գնորդները գալիս են, բայց ցածր գին են վճարում:

«Մենք ցանել ենք մոտ 50 հար, գնորդներն առաջարկում են 50-55 թեթրի, իսկ դա քիչ է: Անցյալ տարի մենք մինիմումը 80 թեթրիով էինք վաճառում», – ասում է Բեժանո գյուղի բնակիչը:

Այլ գյուղերի որոշ բնակիչներ այս տարի նույնպես որոշեցին գազար աճեցնել, որպես կարտոֆիլին այլընտրանք, բայց արդյունքում դժգոհ մնացին:

Մուրջախեթ գյուղից Միսակ Ճորուխյանը այս տարի առաջին անգամ էր գազար ցանել: Նա միանգամից ցանել էր 1,5 հա տարածքի վրա: Հուսով էր, որ լավ բերք կստանա և կվաճառի ավելի բարձր գնով, քան կարտոֆիլը: Միսակ Ճորուխյանը հավաքեց 25 տոննա գազար, թեպետ նա հույս ուներ ավելին ստանալու, քանի որ, ըստ նրա, նրանք ցանել էին լավագույն սերմերը և մշակել ինչպես հարկն է:

«Գազար աճեցնելը քրտնաջան աշխատանք է պահանջում։ Շատ աշխատեցինք և շատ գումար ծախսեցինք, շատ ծախսեցինք մոլախոտերի մաքրման վրա, բանվորներ էինք վարձել, ձեռքով երեք անգամ, մոլախոտերը քաղհանելու համար: Գազարի վրա ծախսածով կարող էի ցանել 10 հա կարտոֆիլ: Ես հավաքվել եմ տեխնիկայով, տեխնիկա ունեմ», – ասում է Միսակ Ճորուխյանը:

Ճորուխյանին չի բավարարում գազարի ներկայիս գինը և գնորդներ չլինելու փաստը: Սկզբում նա մեկ կիլոգրամը վաճառել է 35 թեթրիով, իակ այժմ՝ 50 թեթրիով:

Միսակ Ճորուխյանը որոշել է հաջորդ տարի գազար չցանել:

«Ես ունեմ վարկ, որը դեռ չեմ մարել, 7 տոննա գազար էլ ունեմ դեռ վաճառելու, հուսով եմ, որ կվաճառեմ և կմարեմ վարկը, ես կապվել եմ Քութայիսիից գնորդների հետ, բավական ժամանակ է անցել, սակայն նրանք դեռ չեն եկել», – ասում է Միսակ Ճորուխյանը: