Վրաստանի Էլեկտրամատակարարող ընկերության նորամուծությունը՝ ծախսի մասին էլեկտրոնային ծանուցումը, Ախալքալաքի բնակիչների համար փոքր ինչ անհասկանալի ու անընդունելի է:

Այսուհետև թղթե կտրոնի փոխարեն, ծախսված էլեկտրաէներգիայի, կազմող գումարի մասին բնակիչներին կտեղեկացնի բջջային հաղորդագրությունը:

Թեմայի վերաբերյալ զրուցեցինք էլեկտրամատակարարող ընկերության՝ Energo Pro Georgia-ի հասարակության հետ կապերի բաժնի տնօրեն Գիորգի Բալախաշվիլիի հետ, ով ասաց՝

«Կտրոններից բջջային հաղորդագրության անցումը հետապնդում է այն նպատակը, որ ինչպես ամբողջ աշխարհը այնպես էլ մենք առաջ ենք շարժվում և ստեղծված համակարգը էլ ավելի է հեշտացնում մարդկանց գործը։ Սակայն այն բնակիչները ովքեր ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են համակարգում գրանցվելուց դա նույնպես խնդիր չէ, բնակիչները ազատ են իրենց ընտրությունը կատարելու հարցում»։

Ինչ վերաբերում է բնակիչների կարծիքին, փորձեցինք անցկացնել փոքրիկ հարցում, որի արդյունքում պարզ դարձավ, որ զգալի մեծամասնությունը դժգոհում է և անգամ ամբողջովին տեղեկացված չէ համակարգի պայմաններին:

«Թղթով ավելի հարմար էր, հաղորդագրությանը պատրաստ չենք», – ասաց Ախալքալաքի բնակիչ Տոներյան Կարինեն:

«Հաղորդագրություն մեզ պետք չէ, թող առաջվա պես կտրոնը բերեն», – կարծիք հայտնեց Վեներա Կալեկցյանը:

Չնայած որ, նոր համակարգի անցնելը զուտ բաժանորդի ցանկությամբ է, սակայն այդ մասին մարդիկ չգիտեին:

«Ամբողջ աշխարհով ման եմ եկել, սենց բան չեմ տեսել։ Եկան մեր տուն վրացերեն թղթերը հանեցին, հեռախոսահամարս վերցրեցին, ստորագրեցի, գնացին, ասացին որ սրանից հետո կտրոն չեն բերի, այլ հաղորդագրություն կուղարկեն», – ասաց
Ախալքալաքի բնակիչն, ով չցանկացավ ներկայանալ։

«Մեր տուն էլ եկան գրանցեցին ու գնացին։ Բայց ես չեմ հասկանում, թե ինչ պետք է անեն էն մարդիկ, ովքեր հեռախոսից չեն կարող օգտվել, կամ կույր են», – ասաց Մոսոյան Նորբերդը:

«Հաղորդագրությունը սխալ է, մարդ է կարող է հեռախոսը չի աշխատում, կամ հեռախոսահամարն է փոխել», – ասաց Դիլիսկա գյուղի բնակիչ Քոչոյան Գրիգորը։

«Մենք չգիտեինք, որ կարող ենք մերժել, մեզ ասացին այսուհետ այսպես պետք է լինի ու վերջ», – ասաց Եզոյան Վազգենը։

Չնայած բնաիչների բացասական վերաբերմունքին, այնուամենայնիվ կտրոններին կփոխարինեն բջջային հաղորդագրությունները, գուցե ոմանց ցանկությամբ, ոմանց էլ անտեղյակությամբ հանդերձ:

Ջուլիետա Տոնականյան