Արդեն մեկ շաբաթ է ՎՀՕՄ վարչությունը ռուսաստանաբնակ նինոծմինդացիների օժանդակությամբ Ախալցիխեում, Ախալքալաքում և Նինոծմինդայում սննդի տեսքով օգնություն է ցուցաբերում կարիքավոր ընտանիքներին: Ծրագրից օգտվել է ավելի քան 80 ընտանիք:

«Հայ Օգնության միությունն այս օրերին անգամ չմոռացավ Ջավախքում հարյուրավոր այն կարիքավոր ընտանիքներին, ովքեր կարիքն ունեն օժանդակության: Մեկամսյա սննդամթերքի ապահովում յուրաքանչյուր ընտանիքի: Մենք ծրագրում ընդգրկել ենք 80 անապահով ընտանիք, որոնց մեջ մտնում էին բազմազավակ, ծնողազուրկ, միայնակ ապրող, հիվանդ մարդիկ», – ասաց ՎՀՕՄ ատենապետուհի Կարինե Թադևոսյանը:

Ծրագրի մեկնարկը տրվել է Ախալցիխեում, այնուհետև շարունակվել Նինոծմինդայում և Ախալքալաքում: Յուրաքանչյուր կարիքավոր ընտանիք 3-ական արկղ սննդամթերք է ստացել:

ajakcutyun

Օժանդակության այս ծրագրին միացել են նաև ռուսաստանաբնակ նինոծմինդացիները, ովքեր արդեն երկրորդ անգամն է ՎՀՕՄ-ի հետ համագործակցությամբ իրագործում են կարիքավոր ընտանիքներին սննդամթերքով օգնելու ծրագիրը:

«Ալբերտ Իսոյանի հրաշք ընտանիքը, որը ապրում է Մոսկվայում հերթական անգամ օգնում է Ջավախքին: Իսոյանի հարսը՝ Այդա Իսոյանը Մոսկվայում ունի Սուրբ Խաչ հիմնադրամ և այդ հիմնադրամին նինոծմինդացիները հանգանակություններ են կատարում, որի միջոցով էլ մենք այս օրերին կարողացանք իրականություն դարձնել բարեսիրական այս ծրագիրը», – ընդգծում է ՎՀՕՄ ատենապետուհի Կարինե Թադևոսյանը, միաժամանակ հավելելով, որ կորոնավիրուսային համաճարակի ֆոնին կարևոր էր իրականանցել այս ծրագիրը, որը մարդիկ գոհունակությամբ են ընդունել աջակցությունը: