Հայկ Բալասանյանը շուրջ 40 տարի զբաղվում է ժամագործությամբ: Վարպետի համար երիտասարդ տարիքում ժամագործությունը պարզապես հրապուրանք էր, իսկ այսօր ապրուստի միջոց:

Ախալցխա (Ախալցիխե) քաղաքը հայտնի է արվեստի ու արհեստի նշանավոր դեմքերով: Այս քաղաքն իրավմամբ ժամանակին համարվում էր հայ մշակույթի կարևորագույն օջախներից մեկը: Այստեղ շատ բան է փոխվել, սակայն դեռ պահպանվում է նախկին հայկական շունչն ու միջավայրը: Ասելիք ունեցող, սեփական ոճը թելադրող ու ինքնատիպ հայկականությամբ:

Ինչպես հնում, այսօր էլ քաղաքը հայտնի է ազգությամբ հայ ժամագործներով: Ախալցխայում ժամագործներին «սաթչի» են ասում, քաղաքի 7 հայտնի «սաթչիներից» ընդամենը երկուսն են մնացել:

Հայկ Ցոլակի Բալասանյանը եզակի մարդկանցից մեկն է, ով ամենայն արժանապատվությամբ ու գործի գիտակցումով պահպանում է իր նախնիների արհեստը: Մեծանալով ժամագործների ընտանիքում Հայկը ևս որոշում է զբաղվել ժամագործությամբ, միևնույն ժամանակ օգնելով հորը թեթևացնել սոցիալական ծանր բեռը:
jamagorcy

«Մեծանալով այս միջավայրում որոշեցի ինքս էլ զբաղվել, պապս, հայրս, հորեղբայրս բոլորը ժամագործ էին: Ուզում եմ, որ տղաս էլ ժամագործ լինի, հետաքրքրություն կա, երկու տղաներս էլ ցանկություն հայտնել են զբաղվել ժամագործությամբ: Չեմ պատկերացնում տուն, որտեղ նույնիսկ մեկ պատի ժամացույց չլինի, մեռնող չէ այս գործը, ճիշտ է լճացում լինում է, սակայն միշտ էլ կարող ես ընտանիք պահել»,- ասաց ժամագործ Հայկ Բալասանյանը:

Մեր խոսակցության ընթացքում Հայկը հասցրեց երեք ժամացույց վերանորոգել: Լայնախոհ ժպիտը դեմքին, բարյացակամ բոլորին բարևում էր, զրույցի ընթացքում անընդհատ ասելով՝ «խո, գենացվալե»:

«Շատ հետաքրքիր արհեստ է: Հաճախորդների, մարդկանց հետ անկեղծ շփումը օրդ լցնում է, ամենքը յուրովի հետաքրքիր են, կուրիոզ սիտուացիաներ շատ են լինում»:

40 երկար ու ձիգ տարիներ Հայկը ժամացույցներ է վերանորոգում: Ամենադժվար ու նրբություն պահանջող գործը, ինչպես ժամագործն է ասում, դա ժամացույցի պարույրը ուղղելն է: «Եթե ժամագործը կարողանում է վալասոկ ուղղել, ուրեմն նա վարպետն է իր գործի, ամենաբարդը դա է»,- ասաց ժամագործը, միաժամանակ ավելացնելով. «Ժամանակը շատ հետաքրքիր բան է, անընդհատ խաղում ես ժամացույցի հետ, փորձում հասկանալ ժամանակը: Ասում են բոլոր արհեստները ժամանակի ընթացքում մեռնում են, բայց այս գործը միշտ էլ «խոդի է»»,- նշեց Ախալցխայի հայտնի սաթչին:

Թեև ժամանակն անընդհատ առաջ է գնում, թվում է, թե անհնար է ժամացույցի սլաքները հետ պտտել, բայց ժամագործ Հայկը Աստծո յուրաքանյուր օր հետ ու առաջ է տալիս, ուղղում ժամացույցի սլաքները, փորձում նոր ընթացք տալ:

Աղունիկ Այվազյան