Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի գիտական խորհրդի ղեկավար Պաատա Իմնաձեն հայտարարել է, որ մեկ շաբաթվա ընթացքում գրիպի վիրուսով վարակվել է շուրջ 10 000 մարդ, բայց դա գնահատվում է որպես, գրիպի սեզոնի միջին բարդության վարակ:

«Մոտ 10 000 քաղաքացի ամեն շաբաթ վարակվում է գրիպի վիրուսով: Դեպքերի մեծամասնությունը առանց բարդացումների էր: Որոշ դեպքեր անցնում էին ծանր, սակայն հիվանդները առողջանում էին: Կային նաև ճակատագրական դեպքեր, երբ վիրուսը զարգանում էր ուրիշ բարդ հիվանդությունների ֆոնի վրա», – ասել է Իմնաձեն:

Նա հայտարարել է, որ 100 000 բնակչության հաշվով արձանագրվում է գրիպով հիվանդացածների 357 դեպք:

Համեմատության համար, նա մեջբերեց Վրաստանում գրիպի մահացության վիճակագրությունը վերջին մի քանի տարիների ընթացքում: Այսպես, 2009-2010 թվականներին գրիպի վիրուսից մահացել է` 33 մարդ, 2011-2012 թվականներին` 53 մարդ, իսկ նախորդ տարի արձանագրվել է մահացության 10 դեպք:

Էդիտա Բադասյան