Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Նինոծմինդայի շրջանի Դիլիֆ գյուղի հանրային դպրոցը փակել են: Բանն այն է, որ կորոնավարակից մահացած 30-ամյա կինը դպրոցում անգլերենի ուսուցչուհի է աշխատել:

Ինչպես Jnews-ին հայտնեց Նինոծմինդայի Հանրային առողջապահության տնօրեն Տիգրան Եղոյանը, Դիլիֆում կորոնավարակից մահացած կնոջը երեկ հուղարկավորել են փակ դագաղով:

«Մահացածին երեկ են հուղարկավորել, այսօրվա դրությամբ փակ է գյուղի դպրոցը, ինչպես նաև մեկուսացման մեջ են գտնվում մահացածի հետ անմիջական շփում ունեցած մարդիկ, այսինքն՝ 7 հոգի»,- ասաց Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրենը:

Վրաստանում կորոնավարակից մահացած ամենաերիտասարդ կինը Դիլիֆ գյուղի հանրային դպրոցում անգլերեն է դասավանդել: Ամուսնացած էր, ուներ երկու երեխա:

Ինչպես Jnews-ին հայտնեց Դիլիֆ գյուղի մասնագետը, գյուղում խառնաշփոթ չկա:

«Մահացած կինն աշխատում էր դպրոցում, երկու երեխա ունի: Իմ ունեցած տեղեկություններով, նա բարձր ջերմություն է ունեցել և մի քանի օր դպրոց չի գնացել: Ընտանիքի անդամները հիվանդ չեն, նրանցից ոչ ոք ջերմություն չունի, բայց գտնվում են ինքնամեկուսացման մեջ»,- ասաց Դիլիֆի մասնագետը:

Նշենք, որ հոկտեմբերի 19-ին Թբիլիսիի Ծովային հիվանդանոցում կորոնավիրուսից մահացել է 30-ամյա կին, ով Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ գյուղի բնակիչ էր: Նա ընդամենը մեկ օր առաջ էր տեղափոխվել հիվանդանոց:

Կենտրոն տեղափոխվելուց հետո հիվանդի մոտ հաստատվել է երկկողմանի թոքաբորբ և շնչառական անբավարարություն: Անամնեզում նշված են սրտանոթային հիվանդություններ:

Կլինիկայում նաև պարզաբանել են, որ հիվանդը տենդով մի քանի օր տանն է եղել՝ չիմանալով, որ վարակված է: Նրան հիվանդանոց են տեղափոխել թուլության և հոդացավերի պատճառով: