Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Այս մասին այսօր առավոտյան հայտնել են ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունից՝ նշելով, որ առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգությունները, հրետանային մենամարտերը:

«Լուսադեմին, կրկին անգամ խախտելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունները, թշնամական ուժերը կրակի տակ են առել Մարտակերտ քաղաքի ու շրջակա գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքները:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում: ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խփվել է հակառակորդի մեկ ինքնաթիռ:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո» ,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ժամը 8:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի ինքնաթիռ», – իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Միջազգային հանրություն

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։ Այս մասին գիշերը Ֆեյսբուքում գրել է Արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն Արցախի անկախությունը ճանաչելու նախաձեռնությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում:

«Ճանապարհը առաջ ազատության ճանապարհն է, այդ է պատճառը, որ ես Միացյալ Նահանգների կողմից Արցախի անկախության պաշտոնական ճանաչման կոչ եմ անում», – գրում է Նապոլիտանոն Թվիթերում՝ հրապարակելով իր ներկայացրած փաստաթուղթը:

Անդրադառնալով հակամարտությանը Արցախում՝ հայամետ կոնգրեսականն այդ փաստաթղթում շեշտում է. – «Արցախը շատ ամերիկյան պատմություն է՝ ազատ ժողովրդի հաղթանակը օտար կառավարման դեմ: Այդ հպարտ Հանրապետության քաղաքացիները մարմնավորում են մեր իսկ Անկախության հռչակագրի բառերը»:

Դեմոկրատ կոնգրեսականը նշում է՝ քաջ հայտնի է և փաստաթղթերով հաստատված, որ հազարավոր տարիներ Արցախը մաս է կազմել Հայաստանին, իսկ այժմ էլ օրինական ամուր հիմքերի վրա հաստատված անկախ հանրապետություն է:

«Բայց ամենից կարևորն այսօր, երբ Ադրբեջանը, Թուրքիան և նրանց ԻՍԻՊ դաշնակիցները հրթիռների և ռումբերի անձրև են տեղում Արցախի քաղաքացիական բնակչության վրա, այն է, որ ազատությունը ոչ միայն պատմության նկատմամբ հարգանքն է կամ օրենքի կիրառումը:

Ազատությունը Արցախի գոյատևման համար մնացած միակ պատասխանն է՝ պատմականորեն հիմնավորված, օրենքի վրա հիմնված անջատումը որպես բժշկում:

Հետդարձի ճանապարհ չկա: Արցախը չպետք է վերադառնա Ադրբեջանին», – հայտարարում է Գրեյս Նապոլիտանոն:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 20-ին, ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներն հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում մանրամասն քննարկել էին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Վլադիմիր Պուտինն ու Էմանյուել Մակրոնը կարևորել են կրակի դադարեցման շուրջ հոկտեմբերի 10-ին և 17-ին ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանումը:

Վլադիմիր Պուտինն իր ֆրանսիացի գործընկերոջը տեղեկացրել էր ռազմական գործողությունների հետագա էսկալացիայի կանխման, ինչպես նաև բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

Հոկտեմբերի 20-ի իր տեսաուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, թե ռազմական գործողությունները կշարունակվեն, քանի դեռ Հայաստանը դուրս չի բերի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղից։

Նա ասել էր՝ քանի դեռ ուշ չէ, Հայաստանը պետք է հայտարարի իր զորքերը դուրս բերելու մասին, որից հետո ռազմական գործողությունները կարող են դադարեցվել։