Պաշտոնական այցելությամբ Երևանում է գտնվում Թինաթին Խիդաշելին, բարիդրացիական այցի շրջանակներում քննարկվում են նաև միմյանց նկատմամբ առկա դժգոհությունը, ինչպես նաև սերտ համագործակցության մասին քննարկումներում չեն մոռանում Թուրքիայի դերի մասին:

Երեկ Վրաստանի Պաշտպանության նախարարի Հայաստան կատարած այցելության շրջանակներում երկու երկրների պաշտպանության գերատեսչությունները ստորագրեցին 2016 թվականի ռազմական համագործակցության ծրագիր: Փաստաթղթի ստորագրումը տեղի ունեցավ Հայաստանի Պաշտպանության նախարարությունում:

Ռազմական համագործակցության հիմնական դրույթները վերաբերում են խաղաղապահների առաքելությունների հարցում փորձի փոխանակմանը, ռազմական կրթությանը, արհեստավարժ պատրաստմանը և ռազմավարական պլանավորմանը:

Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Թինա Խիդաշելիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանական ոլորտում համատեղ համագործակցության հարցեր:

«Մենք համամիտ ենք նրանում, որ ունենք բոլոր հիմքերը հպարտանալու մեր երկրների բարեկամական հարաբերություններով. Հայաստանն ու Վրաստանը ունեն էական նշանակություն միմյանց համար անվտանգության, քաղաքականության, տնտեսության ու մշակույթի ոլորտներում: Այդ ոլորտներում սերտ հարաբերությունները ստեղծել են հիմք 2010 թվականից պաշտպանական ոլորտի զարգացման ու հետևողական համագործակցության համար», – նշեց Օհանյանը:

Նրա խոսքերով, չնայած անվտանգության համակարգերի տարբերությանը, և Հայաստանում և Վրաստանում գիտակցում են և հարգում են յուրաքանչյուր կողմի առաջնահերթությունները:

«Մենք հավատում ենք ապագայում անվտանգ ու զարգացող Հարավային Կովկասի իրականացման գաղափարին», – նշեց Հայաստանի Պաշտպանության նախարարը:

«Մենք այսօր ստորագրեցինք 2016 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը, և ես համոզված եմ, որ մոտակա ժամանակներս մենք կունենանք համագործակցության ավելի ծավալուն օրակարգ, քանի որ հնարավորությունները աճում են: Ինչ վերաբերում է Ադրբեջանին ու Թուրքիային, ապա այդ երկու երկրները մեր ռազմավարական գործընկերներն են: Մեր հարևան Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, ինչը դարձնում է մեր համագործակցությունը ավելի խորունկ և ուժեղ, քան ինչ-որ մեկ այլ հարևան երկրի հետ», – Ազատություն ռադիոկայանի հարցին այսպես պատասխանեց Խիդաշելին:

Ունենալով բարեկամական, բարիդրացիական հարաբերություններ, բայց վերցնելով արտաքին քաղաքականության տարբեր ուղղություն. Հայաստանը ու Վրաստանը հիմնականում չեն աջակցում միմյանց միջազգային քաղաքական որոշումներում: Երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների միջազգային կազմակերպություններում քվեարկելու դժգոհության մասին Թինաթին Խիդաշելին նշեց Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ միասնական մամլո ասուլիսի ժամանակ:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում /ԵԽԽՎ/ վրացական պատվիրակությունը այն քչերից էր, ով նախորդ շաբաթ ամբողջ կազմով կողմ քվեարկեց հակահայկական բանաձևին:

Խիդաշելին խնդրեց մեկնաբանել վրացական պատվիրակության դիրքորոշումը:

«Ես այլևս Վրաստանի Խորհրդարանի անդամ չեմ, ես ներկայացնում էի Վրաստանը ԵԽԽՎ-ում անցյալ տարի: Ես չեմ կարող մեկնաբանել իմ ընկերների, խորհրդարանի գործընկերների որոշումը, քանի որ ներկայացնում եմ իշխանության այլ ճյուղ: Բայց կարող եմ ասել, որ եթե նայենք հայկական ու վրացական կողմերի քվեարկությանը ԵԽԽՎ-ում, չեմ մտածում, որ մեզանից որևէ մեկը գոհ է մեր պատվիրակությունների քվեարկությամբ: Ես դա ասում եմ, ելնելով ԵԽԽՎ-ում իմ աշխատանքի փորձից: Կարծում եմ, այդպես է գործում քաղաքականությունը», – նշեց Վրաստանի Պաշտպանության նախարարը: