Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Նինոծմինդայում տեղի ունեցավ Ախալքալաք-Նինոծմինդա ընտրատարածքից «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության մեծամասնական թեկնածու Սամվել Մանուկյանի ներկայացումը:

Թեկնածուի ներկայացումը տեղի ունեցավ Նինոծմինդայի Մշակույթի տան բակում, բաց տարածքում, ժամը 14։00-ին: Ներկա էին «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդները՝ վարչապետ Գիորգի Գախարիան, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, Իրակլի Կոբախիձեն, կուսակցության ներկայացուցիչներ Նինոծմինդայից, Նինոծմինդայի և Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և շարքային քաղաքացիներ:

Պատգամավորի թեկնածուին ներկայացնելու միջոցառումը բացեց վարչապետ Գիորգի Գախարիան: Նա ողջունեց Նինոծմինդայի բնակիչներին և ասաց, որ իր համար մեծ պատիվ է այցելել Նինոծմինդա և խոսել Նինոծմինդայի և Վրաստանի հետագա ծրագրերի մասին:

gaxaria Ninocminda

«Մենք գիտենք, որ Նինոծմինդայի համար առաջնային խնդիրը ջրամատակարարումն է, մենք գիտենք և կսկսենք ու ավարտին կհասնցնենք ջրամատակարարումը, որպեսզի լինեն նորմալ պայմաններ: Մենք կվերականգնենք ոռոգման համակարգը: Դրանում մենք արդեն զարգացում ունենք, 4000 հա հող արդեն ոռոգվում է: Մենք զարգացնելու ենք զբոսաշրջությունը Նինոծմինդայում: Փարվանա լիճը, Փոկայի վանքը այն վայրերն են, որտեղ պետք է գան միջազգային զբոսաշրջիկներ և տեսնեն, թե ինչպիսի պատմական ժառանգություն ունենք», – ասաց Գիորգի Գախարիան:

Այնուհետև ելույթ ունեցավ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն: Իր խոսքում նա նշեց, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Սամվել Մանուկյանը և «Երազանքի» ցուցակներում ընդգրկված թեկնածու Սումբաթ Կյուրեղյանը արժանի և ուժեղ թեկնածուներ են:

Կախա Կալաձեն էլ իր հերթին ներկայացրեց թեկնածուին, բայց նա շփոթվեց, և Մանուկյանի փոխարեն ասաց Սամվել Պետրոսյանի անունը, որը ընդդիմադիր կուսակցության թեկնածու է: Հետո նա ներողություն խնդրեց ու շարունակեց.

«Ես ուզում եմ ներկայացնել մի անձի, որը գտնվում է Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմնում և կներկայացնի ձեր խնդիրները, տարածաշրջանի խնդիրները և լավ գիտի, թե ինչ պետք է անի, որպեսզի Նինոծմինդան և Ախալքալաքն էլ ավելի լավը դառնան»:

Դրանից հետո ելույթ ունեցավ թեկնածու Սամվել Մանուկյանը: Նա ողջունեց հյուրերին և հավաքվածներին վրացերենով, ապա շարունակեց հայերեն:

«Ես երախտապարտ եմ «Վրացական երազանքին» իրենց վստահության համար, ինձ համար մեծ պատիվ է լինել մեծամասնական թեկնածու Նինոծմինդայից, մի քաղաքի, որտեղ երկու ժողովուրդները՝ հայերը և վրացիները, ապրել են դարեր շարունակ սիրով և հարգանքով: Անցած տարիների ընթացքում կառավարության կողմից Նինոծմինդայում իրականացվող ծրագրերի ծավալը զգալիորեն ավելացել է», – ասաց Սամվել Մանուկյանը:

Նա նշեց, որ անցած տարիների ընթացքում տեղական բյուջեն ավելացել է, ինչը կապահովի մունիցիպալիտետի զարգացումը և ծրագրերի արդյունավետ իրականացումը:

«Մունիցիպալիտետում մեծ ուշադրություն է դարձվում գյուղատնտեսության զարգացմանը: 2014-2020 թվականներին Նինոծմինդայի մունիցիպալիտետում ստեղծվել է 52 կոոպերատիվ: Ոռոգման աշխատանքները շարունակվում են, 2013-ից 2019 թվականներին Նինոծմինդայի մունիցիպալիտետում հողերի մելիորացիայի վրա ծախսված գումարը կազմում է 4 230 000 լարի: «Արտադրիր Վրաստանում» պետական ​​ծրագիրը կշարունակվի: 2016-ին գազաֆիկացվել է Փոկա գյուղը», – ասաց Սամվել Մանուկյանը:

Նա շարունակեց թվարկել վերջին տարիներին Նինոծմինդայում իրականացված աշխատանքները:

Նա իր ելույթը եզրափակեց այն խոսքերով, որ ծանոթ է Նինոծմինդայի խնդիրներին, և Վրաստանի խորհրդարանում հոգ կտանի Նինոծմինդայի և նինոծմինդացիների մասին: