Այսօր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումը կազմակերպել Թբիլիսիում։ Այս մասին Զուրաբիշվիլին հայտարարել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում։

«Այսօր երկու կողմերն էլ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, նախապայմաններ են առաջ քաշում, որով համաձայն են օգտվել ԵԱՀԿ Մինսկի խմբից։ Ես կարծում եմ, որ մենք պետք է դրան նպաստենք։ Տեսնենք, թե երբ կարող է հանդիպում լինել գոնե Վրասանում։ Մենք հնարավորինս ամեն ինչ կանենք», – ռուսական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Վրաստանի նախագահը:

Զուրաբիշվիլին ընդգծել է, որ Վրաստանի համար կարևոր է այս հարցում չեզոքություն պահպանել։ Նա նաև տեղեկացրել է, որ շաբաթվա ընթացքում զրույցներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։