«Արցախի սահմանի երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են։ Հակառակորդի՝ առանձին հատվածներում մեր զորքերի պաշտպանությունը ճեղքելու փորձերը ձախողվել են»,- հոկտեմբերի 2-ի առավոտյան հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

«Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել: Այս պահին ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կասեցնել հակառակորդի բոլոր գրոհները՝ վերջինիս պատճառելով կկենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ»,- նշված է Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Ձախողվելուց հետո՝ հակառակորդը սկսել է գնդակոծել բնակավայրերը ու խաղաղ բնակիչներին: Մասնավորապես, գնդակոծվել են Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Հրետակոծության ժամանակ վիրավորվել են հայ և օտարերկրյա լրագրողներ:

Այսօր, ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը «Սմերչ»-ով կրակ են բացել Հադրութ քաղաքի վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հենց նոր Սմերչը խփեց Հադրութ քաղաքին։ Կան քաղաքացիական վիրավորներ»,- գրել է նա:

Հայաստանի օդային տարածքը

«Ըստ ՀՕՊ տեղորոշման տվյալների, ժամը 00։15-ի դրությամբ ՀՀ ԶՈՒ կողմից խոցվել է չորս ԱԹՍ՝ մեկը Կոտայքի, ևս երեքը Գեղարքունիքի մարզում։ Բոլոր խոցված անօդաչուները եղել են հետախուզական։

Այսպիսով, ՀՀ օդային տարածքում այսօրվա ընթացքում ընդհանուր առմամբ խոցվել է հակառակորդի 7 անօդաչու»,- իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Քաղաքացիական կորուստներ

Արցախում շարունակվող մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 11 զոհ, 60–ից ավելի վիրավոր կա խաղաղ բնակիչների շրջանում, նրանցից 42–ի ստացած վնասվածքները բավականին լուրջ են։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Հայաստանի Վարդենիսի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետակոծման հետևանքով զոհվել է մեկ քաղաքացիական անձ:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմն իր հերթին հայտնում է սեպտեմբերի 27-ին՝ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր, 12 խաղաղ բնակչի մահվան մասին, սակայն չի հայտնում ռազմական կորուստների մասին:

«Կորուստներ»

«Ցավոք սրտի հայրենիքի պաշտպանության համար պայքարում իրենց կյանքը զոհաբերել են ՊԲ 54 մարտիկներ: Վիրավորների քանակը ճշտվում է, ունենք բավական շատ վիրավորներ»,- ճեպազրույցում ասել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:

Այսպիսով, ղարաբաղյան հակամարտության գոտում լայնամասշտաբ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր, հայկական կողմը կորցրել է 157 զինծառայող:

Ըստ հայկական կողմի, հակառակորդի կորուստները մարտական գործողությունների սկզբից ի վեր և հոկտեմբերի 2-ի ժամը 8:00-ի դրությամբ կազմել են.

205 զրահատեխնիկա, 5 «Սու-25» ինքնաթիռ, 10 «ՄԻ-24» ուղղաթիռ, 107 ԱԹՍ, 1 «ԲՄ-30 Սմերչ», անձնակազմի կորուստը՝ շուրջ 1750 է:

Դրանից հետո հայկական կողմը խոցել է նաեւ 1 ինքնաթիռ եւ 2 ԱԹՍ

Ադրբեջանական կողմը զոհված ու վիրավոր զինվորների մասին տեղեկությունները չի հայտնում:

Արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների գնդակոծումը

Արցախի Մարտունի (ԼՂՀ) քաղաքի քաղաքապետարանի շենքում ադրբեջանական Զինուժի կողմից թիրախավորվել է լրագրողների խումբը: Հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողները (Ֆրանսիայի քաղաքացիներ): Այս մասին հայտնում է Հայաստանի Միավորված տեղեկատվական կենտրոնը:

Երեկ, Արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել Մարտունիում ադրբեջանական հրետակոծությունից ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքը։ Ֆրանսիական «Լա Մոնդի» թղթակից Ալան Կավալի վիրահատությունն տևել է մի քանի ժամ: