Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանը եզրափակում է իր աշխատանքը: Ներկայիս կազմով օրենսդիր մարմնի վերջին նիստը կգումարվի այսօր՝ սեպտեմբերի 30-ին:

Կանոնակարգի համաձայն՝ խորհրդարանը պետք է ավարտի լիագումար նիստերի անցկացումն ընտրություններից մեկ ամիս առաջ:

Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանն իր աշխատանքը սկսել է 2016 թ.-ի նոյեմբերի 18-ին: Չորս տարվա ընթացքում օրենսդիր մարմինը փոխել է երկու նախագահների: Սկզբում խորհրդարանը ղեկավարում էր «Վրացական երազանքի» առաջնորդներից մեկը՝ Իրակլի Կոբախիձեն, սակայն 2019 թ.-ին՝ հունիսյան իրադարձություններից հետո, այսպես կոչված Գավրիլովի գիշերը նա լքեց իր պաշտոնը և խորհրդարանի նախագահի պաշտոնը ստանձնեց իշխանական թիմի ներկայացուցիչ Արչիլ Թալակվաձեն:

Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանն ընդունել է մի շարք օրինագծեր, ներառյալ՝ Ընտրական օրենսգրքում փոփոխությունները, համաձայն որոնց երկիրը մեծ մասամբ անցավ համամասնական ընտրակարգի: