Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում արդեն երրորդ օրն է, ինչ շարունակվում են ռազմական գործողությունները, որոնք սկսվել են սեպտեմբերի 27-ի լուսադեմին՝ ռազմաճակատի բոլոր ուղղություններով ադրբեջանական հարձակմամբ: Երկու կողմերից էլ գրանցվում են բազմաթիվ զոհեր ինչպես կենդանի ուժի, այնպես էլ ռազմական տեխնիկայի տեսքով: Ստորև կարդացեք այս պահին հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին:

Մարտական գործողություններ

Սեպտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները Արցախի պաշտպանության բանակի պաշտպանական գծի գրեթե ողջ երկայնքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Մասնավորապես, ըստ նրա՝ հարձակողական գործողությունների ընթացքում առանձին ուղղություններով օգտագործում են ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգեր:

«ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողությունների տրամաբանությունն ու ծավալը՝ այն բարձրացնելով նոր մակարդակի: Այս կապակցությամբ Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել՝ մեծ մակերեսների վրա կրակային խոցման և դրա արդյունքում կենդանի ուժի, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակներ»,- ընգծել է Ստեփանյանը:

Վերջինիս խոսքով, այս պահին պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն հետ են մղում թշնամու հարձակման բոլոր փորձերը՝ պատճառելով տեխնիկայի և մարդկային ուժի ծանր կորուստներ:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այս պահին Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծում են ՀՀ Վարդենիսի գյուղերը, որի արդյունքում զոհվել է մեկ քաղաքացիական անձ:

Կորուստներ, զոհեր և վիրավորներ

ԼՂՀ-ի պաշտպանության նախարարությունը հաղորդել է Ադրբեջանի դեմ մարտերի ընթացքում զոհված եւս 26 հայ զինծառայողի մահվան մասին:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 28-ին, Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ղարաբաղյան հակամարտության գոտում լայնամասշտաբ մարտական գործողությունների երկրորդ օրը զոհվել է 27 զինծառայող:

Այսպիսով, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սկզբից ի վեր հայ զինծառայողների շրջանում զոհերի ընդհանուր թիվը հասել է 84-ի:

Ինչ վերաբերում է խաղաղ բնակչությանը, ապա լայնածավալ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր՝ սեպտեմբերի 27-ին, հայկական կողմից զոհերի թիվը հասել է 5-ի, եւս 30 մարդ վիրավորվել է:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է հայկական զինուժի կողմից հակառակորդի խոցված սպառազինությունը սեպտեմբերի 28-ի, ժամը 21:00-ի դրությամբ։

Այսպիսով՝ ընդհանուր առմամբ, ոչնչացվել է 49 ԱԹՍ, 4 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ և 82 ավտոտրանսպորտ։ Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ըստ լրացվող տվյալների, հայ մարտիկների գործողությունների արդյունքում, հակառակորդը կորցրել է 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ:

Միջազգային հանրություն

ԱՄՆ

ԱՄՆ-ը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հերթական կոչով:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հունաստան կատարած այցի ընթացքում այսօր նման հորդորով դիմել է Երեւանին և Բաքվին: Կրետե կատարած այցի ժամանակ Պոմպեոն ասել է, որ ավելի վաղ քննարկել է բախումները Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ:

Միջազգային լրատվամիջոցների տեղեկություններով` այսօր ուշ երեկոյան Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները դռնփակ խորհրդակցություն կանցկացնեն՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը։ Վերջին անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ղարաբաղյան համակարտությունը քննարկել էր շուրջ 27 տարի առաջ` 1993 թվականի աշնանը:

ԵՄ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` ընդգծելով, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակն ու վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

Հեռախոսազրույցի մասին այսօր հայտնել է Գերմանիայի կառավարության մամուլի խոսնակ Շտեֆան Զայբերտը։

Նախօրեին Մերկելը հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Վերջին ժամերին ԵՄ ևս մեկ խոշոր պետություն՝ Ֆրանսիան, հայտարարեց, որ մոտ ապագայում ջանքեր կգործադրի Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ։ «Առաջիկա օրերին մենք զարկ կտանք Մինսկի խմբի գործունեության համակարգմանը պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել, ով է մեղավոր, ինչպես նաև փորձելով [ճգնաժամից] ելքեր գտնել», – Reuters գործակալությանն այսօր փոխանցել են Ելիսեյան պալատից։

Հայ-ադրբեջանական պատերազմի թեման երկուշաբթի երեկոյան հեռախոսով քննարկել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Միացյալ Թագավորությունը կոչ է անում շուտափույթ կերպով նվազեցնել տարածաշրջանում առկա լարվածությունը», – նշված է Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմի հայտարարության մեջ։

Ռուսաստան

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտարարել է, թե Ռուսաստանը մշտական կապի մեջ է Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ` ղարաբաղյան հակամարտության շուրջ:

Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղում լարվածությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում խորը վերլուծության և քննարկման թեմա է: