Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների «Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածու Արսեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը՝ աջակցություն հայտնելով հայկական կողմին:

«Շատ ցավալի է, որ կրկին արյուն է թափվում: Շատ ցավալի է, որ տարեց մարդկանց և երեխաների արյունն է թափվում: Ինչպես հավաստիացնում են Հայաստանն ու Արցախը, սահմանների և տարածքների պաշտպանությունը հուսալի ձեռքերում է, ես ավելին կասեմ՝ հերոսական ձեռքերում: Համոզված եմ, որ թշնամին կկանգնեցվի և հետ կշպրտվի և այս ագրեսիայի համար կկրի արժանի պատասխան: Բայց մինչ ամբողջ աշխարհը և քաղաքակիրթ հասարակությունը հրադադարի կոչ են անում, մարտերը շարունակվում են, զինվորականներն ու խաղաղ բնակիչները շարունակում են զոհվել: Մենք՝ որպես հայեր, Վրաստանի քաղաքացիներ, լիովին համերաշխ ենք Արցախի և Հայաստանի հետ և պատրաստ ենք տրամադրել ցանկացած օգնություն: Հայաստանը բազմիցս ապացուցել է, որ ի վիճակի է պաշտպանել իր հողերը, իր նախնիների գերեզմանները և իր երեխաների ապագան: Բոլոր սրիկաները, վարձկանները և մանկասպանները կկրեն իրենց արժանի պատիժը» – գրել է Արսեն Կարապետյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, ադրբեջանական կողմն օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: