Այսօր, սեպտեմբերի 27-ին՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին թվիթերյան իր էջում անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող ռազմական գործողություններին՝ ընդգծելով, որ խաղաղությունը տարածաշրջանում ընդհանուր նպատակ է:

«Անչափ մտահոգված եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսմամբ: Մենք խաղաղության կոչ ենք անում: Կայունությունն ու խաղաղությունը մեր տարածաշրջանում ընդհանուր նպատակ է», – գրել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Ավելի վաղ տարածաշրջանում տիրող լարվածությանն անդրադարձել էր նաև Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը:

«Մտահոգությամբ ենք հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև հերթական ռազմական սրացմանը, որը, ըստ տարածված տեղեկատվության, հանգեցրել է զոհերի և ենթակառուցվածքների վնասների: Հուսով ենք, որ հրադադարի մասին համաձայնություն ձեռք կբերվի, կողմերը կանցնեն բանակցությունների ռեժիմի և կխուսափեն լայնամասշտաբ ռազմական գործողություններից, ինչը կտրուկ բացասական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի անվտանգության վրա»,- ասվում է Արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ Ադրբեջանն սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ, 3 տանկ, 4 անօդաչու թռչող սարք, որոնցից 1-ը՝ Տավուշում։ Արցախում երկու քաղաքացիական է զոհվել՝ 1 կին և 1 երեխա, կա 2 քաղաքացիական վիրավոր։