Ինչու է լարիի փոխարժեքն անկում ապրում, ինչի հետ է դա կապված, ինչպես նաև ապագայի կանխատեսումները: Այս և շատ այլ բաների շուրջ մենք զրուցեցինք «ISET Policy Institute»-ի ավագ գիտաշխատող, տնտեսագետ Գիոգրի Մժավանաձեի հետ:

Ինչ է պատահել լարիի հետ, ինչու է այն արժեզրկվում:

– Այս անկումը տեղի ունեցավ վերջին ամսվա ընթացքում, մինչ այդ կայուն էր: Ես դա կապում եմ Վրաստանում COVID-ով վարակակիրների աճի հետ, ինչը կարող է բացասական արձագանք առաջացնել: Մյուս կողմից, մենք տեսնում ենք, օրինակ, հարեւան Թուրքիայում լիրան նույնպես արժեզրկվում է դոլարի նկատմամբ, իսկ դոլարն արժեզրկվում է եվրոյի նկատմամբ: Կարծում եմ ապագայում լարին կկայունանա և աստիճանաբար կանգ կառնի 1 դոլարը 3 լարի նշաձողի վրա: Քանի որ մենք ապագայում ակնկալում ենք, որ Համաշխարհային բանկից, Արժույթի հիմնադրամից, այլ վայրերից միջոցներ կստանանք: Ինչպես գիտեք, մենք դոլարով ենք գումարը պարտքով վերցնում, և այս ֆինանսական օգնությունը առաջիկա ամիսներին կարող է ստանանք: Եվ դա դրականորեն կանդրադառնա փոխարժեքի վրա:

Բացի զբոսաշրջության բացակայությունից, էլ ինչն է ազդում լարիի փոխարժեքի վրա:

– Զբոսաշրջություն ընդհանրապես չկա, այստեղ մենք շատ բան կորցրեցինք, վերջին ամսվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ զբոսաշրջությունը 99% -ով անկում է ապրել, իրականում զրո է: Արտահանում կամ ներմուծում չկա: Սա նույնպես ազդեց: Ներդրումներն ընկել են: Վիճակագրության համաձայն, եթե նայեք երկրորդ եռամսյակի ներդրումներին, ապա սա ռեկորդային ցածր ցուցանիշ է վերջին 10 տարվա ընթացքում:

Լարիի անկման սպառնալիք կա:

– Լարիի արժեզրկման ավելի մեծ հավանականություն ունեինք մարտ ամսին, երբ անթույլատրելի աճ տեղի ունեցավ, այդ ժամանակ Ազգային բանկը միջամտեց: Ազգային բանկը եթե տեսնի որ արժեզրկումն ազդում է գնաճի վրա, անպայման կմիջամտի: Մենք ունենք արտարժույթի պահուստներ, և այս տեսանկյունից ռիսկեր չկան: Եթե Ազգային բանկը սպառնալիքի ռիսկ տեսնի, անպայման կմիջամտի ու դոլար կվաճառի: Նա դա անում է վերջին երկու շաբաթվա ընթացքում, աստիճանաբար, ասես, հարթեցնելով այս արժեզրկումը:

Ընտրություններն անդրադառնում են լարիի արժեզրկման վրա և ինչպես:

– Այո, ընտրությունները կարող են ազդել փոխարժեքի վրա: Հոկտեմբեր ամսվա վերջին մենք ունենք ընտրություններ, մենք արդեն ակնկալում ենք, որ պետությունը մեծ գումար կներդնի տնտեսության մեջ, ենթակառուցվածքային նախագծերի, սոցիալական ծրագրերի համար: Այստեղ գլխավորն այն է, որ պետությունը փող չի տպում և այդ կերպ չի ազդում գնաճի վրա: Կարծում եմ, որ ընտրություններից հետո, մինչեւ տարեվերջ, լարին կկայունանա:

Այս բոլոր գործընթացներից հետո երկրի տնտեսությունը կվերականգնվի:

– Հիմա ամեն ինչ կամաց-կամաց վերականգնվում է, բացի զբոսաշրջությունից: Զբոսաշրջությունը հսկայական ազդեցություն ունի տնտեսության վրա: Բայց վերականգնումը կախված է նաև համավարակի դինամիկայից, թե որքան շուտ մենք պատվաստանյութը կունենանք Վրաստանում և այլ երկրներում: