Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), ընտրություններում ներգրավված կողմերի հետ խորհրդակցությունների հիման վրա, մշակել և ընդունել է քվեարկության օրվա համաճարակաբանական հրահանգակը:

Փաստաթուղթը սահմանում է սանիտարահիգիենիկ կանոնները, ըստ որոնց հետևելու ընտրողները պետք է մասնակցեն ընտրություններին և համաձայն որոնց պետք է գործեն ընտրատեղամասային հանձնաժողովի անդամները և ներգրավված կողմերը:

«Ընտրողների և ընտրական գործընթացի մյուս մասնակիցների առողջությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գերակայությունն է: Այդ պատճառով ԿԸՀ-ի նախաձեռնությամբ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որում ընդգրկված են ինչպես ընտրական վարչակազմի, այնպես էլ քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական ոլորտի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Փաստաթուղթը, որը մշակվել է ներգրավված կողմերի հետ խորհրդակցության արդյունքում, կարգավորում է ընտրությունների օրը տեղամաս մուտք գործելու, դուրս գալու, գտնվելու, տեղամասում տեղաշարժվելու, ջերմաչափման, դիմակ կրելու և ընտրատեղամասում իրավասու անձին այլ անձով փոխարինելու կանոնները:

Ընտրատեղամաս մտնելուց առաջ, ինչպես ընտրատեղամասային հանձնաժողովի անդամները, այնպես էլ ընտրատեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձինք կջերմաչափվեն, սահմանված կարգով կախտահանեն ձեռքերը և կկրեն դիմակներ: Ընտրատեղամասային հանձնաժողովի անդամներին լրացուցիչ կտրամադրվեն պաշտպանիչ վահաններ և միանգամյա օգտագործման ձեռնոցներ:

Հատկանշական է, որ քվեարկության շենքի մուտքի մոտ տեղադրվելու են ախտահանիչ գորգեր, ձեռքերը ախտահանելու լուծույթ և փակցվելու է վիրուսի տարածումը կանխելու միջոցառումների մասին տեղեկատվություն: Ընտրական վարչակազմը կապահովի հաճախակի շփման մակերեսների պատշաճ ախտահանումը և, հնարավորության դեպքում, տեղամասերի բնական օդափոխությունը:

Կարևոր է նշել, որ գաղտնի քվեարկության խցիկները կկազմակերպվեն այնպես, որ հնարավորինս բավարարեն սանիտարահիգիենիկ պահանջներին, և միևնույն ժամանակ, չխախտվի քվեարկության գաղտնիության սկզբունքը», – հայտնում են ԿԸՀ-ից:

Սահմանվել են նաև ընտրողների քվեարկության շենք մուտք գործելու կանոնները:

«Ընտրողները ջերմաչափում չեն անցնի, բայց նրանք պետք է կրեն պաշտպանիչ դիմակ: Դիմակ չունենալու դեպքում այն կտրամադրի վարչակազմը: Գալով տեղամաս՝ ընտրողը երկու անգամ, կարճ ժամանակով, ստիպված կլինի հանել դիմակը՝ օրենքով սահմանված ընթացակարգերն անցնելու և նույնականացման համար: Եթե ընտրողը չհանի դիմակը, նրան քվեաթերթիկներ/քվեաթերթիկ չի տրվի:

Քվեարկության շենքում ընտրողներին կտրվի գրիչ` անհատական օգտագործման համար: Ձայնը տալուց հետո ընտրողը գրիչը կտեղադրի հատուկ տարայի մեջ և ժամանակին կլքի ընտրատեղամասը», – ասվում է ԿԸՀ-ի հաղորդագրության մեջ:

Ընտրատեղամասերում սանիտարահիգիենիկ կանոնների մասին համապատասխան հրամանագրին կարելի է ծանոթանալ ԿԸՀ-ի կայքէջում: Ընտրողներին մանրամասն տեղեկատվություն տրամադրելու նպատակով նախատեսվում է լայնածավալ տեղեկատվական արշավ: