Վերջերս տեղացած առատ ձյան և ուժեղ քամու պատճառով Ախալքալաքի մի շարք գյուղեր տանող ճանապարհներ անընդհատ փակվում են: Ներկա պահին մաքրման աշխատանք է իրականացվում Մերենիա, Խորենիա, Աբուլ, Թախչյա, Գոգաշեն, Խավեթ գյուղերում:

«Աշխատում ենք փակ ճանապարհ չթողնել և բոլոր կանչերին արձագանքում ենք։ Այն գյուղերի համար, որոնք բավականին դժվարանցանելի են, կա հատուկ մեծ տեխնիկա՝ նախատեսված ճանապարհամաքրման համար։ Երեկ մինչև գիշերվա ժամը 24:00-ն մաքրել են ճանապարհները, բայց մինչև լույս քամին նորից փակել է: Այժմ կրկին շարունակվում են մաքրման աշխատանքներ», – ասաց ենթակառուցվածքի, տարածքային կազմավորման, ճարտարապետության և շինարարության պետ՝ Ալբերտ Նահատակյան:

Արտակարգ իրավիճակների համար լիազորված հատուկ անձինք հավաստիացնում են կանչերը։

«Եթե մեկը որոշի գիշերվա կեսին հաջույքի համար գյուղից դուրս գնա ու մնա ճանապարհին, բնականաբար չենք կարող հատուկ տեխնիկա հանել։ Ինչ վերաբերում է հարսանիքների ու շտապ կանչերի ժամանակ առաջացած խնդիրներին, ապա անպայման արձագանքում ենք», – հավելեց Ալբերտ Նահատակյանը:

Գյուղ տանող ճանապարհների մաքրման աշխատանքները իրականացնում է ՍՊԸ «ՎԵՊ»-ը, որը շահել է այդ աշխատանքների համար հայտարարված տենդերը: Թեմայի վերաբերյալ զրուցեցինք ընկերության նախագահ Երանուհի Ալեքսանյանի հետ, ով ասաց, որ փորձում են փակ ճանապարհ չթողնել:

Ջուլիետա Տոնականյան